24.04.2025
Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Ցեղասպանության հանցագործությունը չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ

Ֆոտո. armenpress.am
Ֆոտո. armenpress.am

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այս մասին նշվում է  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում:


«Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են:


2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների: Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող` էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում` հայատյացության քաղաքականությունը:


Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։ Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա:Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»,- ասված է ուղերձում:


 

Ցեղասպանության իրողությունը չի կարող ներկայացվել որպես «խաղաղության խոչընդոտ»․ Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար