Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և կողմերին ամենբարձր մակարդակով անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Նման համոզմունք ունեն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով միջնորդական առաքելություն կատարող ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Հոգլանդը վստահ է, որ պետք է վերսկսել բանակցություններն ամենբարձր մակարդակով: «Բոլոր երեք համանախագահ երկրները վստահ են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Հոգլանդը։ «Հիմա մենք կենտրոնացնում ենք մեր գործունեությունը բարձր մակարդակի վրա հանդիպում կազմակերպելու ուղղությամբ», - ասել է նա։
Այս պահին, ԼՂ հակամարտության կողմերը միակարծիք են մեկ բանում, որ բանակցությունները դադարեցվել են: Միեւնույն ժամանակ նրանք մեղադրում են միմյանց բանակցային գործընթացի կասեցման հարցում: Վերջերս նման հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունները կասեցվել են Հայաստանի պատճառով, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բանակցային գործընթացը Ադրբեջանի պատճառով հետ մղվեց և հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները շարունակում են համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայերը, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց արձանագրել:
Ասուլիսի ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին էլ իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ «Իհարկե, դա բարդ հարց է, ինչպես գիտեք՝ շփման գծում լարվածություն է դիտվում ,սակայն գործընթացը շարունակվում է, այն շարժվել է մեռյալ կետից, կողմերը ուզում են առաջխաղացման հասնել։ Կարծում եմ, դա կարեւոր է»,- ասել է դիվանագետը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 14-ին Փարիզու մ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
Մարտի 10-ին Բաքվում ֆրանսիացի սենատորների հետ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ նշվել է, որ Ալիեւի ֆրանսիական այցի ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։
ԵԱՀԿ ՄԽ-ի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն էլ կողմերին կոչ է արել կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի ու Հայաստանի հանդիպումների ժամանակ Վիեննայում՝ 2016-ի մայիսին ու Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հունիսին։ «Վիեննայի ու Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները պետք է կատարվեն»,- ասել է դիվանագետը։