Հայաստանը փորձում է ազգային շահերի համակարգը կառուցել ոչ թե գլոբալ ու տարածաշրջանային խաղացողների շահերի հակադրման դաշտում, այլ նրանց շահերի համատեղմամբ: Այս մասին միջազգային «Վալդայ» ակումբի երևանյան նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին նա նշել է, որ եթե նույնիսկ ՌԴ ու ՆԱՏՕ հարաբերություններն ապագայում վատթարանան մինչև սև-սպիտակ աշխարհընկալման մակարդակի, Ռուսաստանի համար օգտակար կլինի երկխոսության համար դաշինքի հետ հասկանալի, թափանցիկ ու կանխատեսելի կապուղի ունենալ՝ ի դեմս Հայաստանի: Վիգեն Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ մի շարք ոլորտներում:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի համար անվտանգության խնդիրն աւյսօր ուղղակի ֆիզիկական, ռազմական անվտանգության հետ է կապված: Հայաստանն արդեն 29 տարի է պարտադրված է ապահովել Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը, որին պատերազմ է պարտադրվել ինքնորոշման իրավունքի իրացման համար», - շեշտել է նա:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային փոխհարաբերություններին, Վիգեն Սարգսյանը նշել է, որ այդ իմաստով հիմնարար գործոն է հանդիսանում Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցությունը, որն ամրագրված է մի շարք երկկողմ փաստաթղթերով, այդ թվում նաև ռեգիոնալ կազմակերպությունների ձևաչափում, ինչպիսին է ՀԱՊԿ-ը:
«Անցած տարի, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության օրոք հնարավոր եղավ ընդունել կարևորագույն մի փաստաթուղթ` ՀԱՊԿ անվտանգության ստրատեգիան, ինչպես նաև առանցքային այլ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ամրապնդել կազմակերպության միջազգային հեղինակությունը: Եվ մենք իսկապես հավատում ենք, որ կազմակերպությունը ունակ է իր ուրույն տեղը զբաղեցնել միջազգային հարաբերությունների համակարգում», - նշել է նախարարը :
Միևնույն ժամանակ կազմակերպության թերություններից մեկը, Վիգեն Սարգսյանի խոսքով, անդամ-երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունների անբավարար համատեղումն է: Եվ երբեմն կարելի է տեսնել, որ այլ կազմակերպություններում, այլ հարթակներում ՀԱՊԿ անդամներից որոշների համար գայթակղություն է առաջանում վերանայել ազմակերպության իրենց գործընկերների շահերը : «Սակայն ես կարծում եմ, որ դա որոշակիորեն «մանկական հիվանդություն է», որը ժամանակի ընթացքում կանցնի», - ընդգծել է Սարգսյանը: