Կադրային ջարդ ուժային կառույցներում. Պուտինը պաշտոններից ազատել է 10 գեներալների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոններից ազատել է իրավապահ համակարգի 10 գեներալների:
Որոշման վերաբերյալ պարզաբանումներ չեն տրվել, բայց Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան ղեկավարներին հասցեագրած ուղերձում Պուտինը նշել է, որ իրավապահները պարտավոր են ավելի լավ աշխատել ահաբեկչության և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհային վթարների և դեռահասների շրջանում ինքնասպանությունների կանխման հարցերում, հայտնում է lenta.ru-ը:
Պաշտոնից ազատվել են ՌԴ ներքին գործերի նախարարության Մերձվոլգյան դաշնային շրջանի տրանսպորտի հարցերով վարչության ղեկավար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բերգլեզովը և Մոսկվայի ներքին գործերի համալսարանի ղեկավարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Ժեվլակովիչը: Իրենց պաշտոններից հեռացվել են նաև Ներքին գործերի նախարարության երեք շրջանային վարչությունների ղեկավարներ գեներալ- լեյտենանտ Սերգեյ Սոլոդովնիկովը, գեներալ-մայոր Վիտալի Ֆեդոտովը, գեներալ-լեյտենանտ Իվան Շաևը:
Վերջին խոշոր պաշտոնանկությունները, նշում է ՌԲԿ գործակալությունը, տեղի են ունեցել փետրվարի սկզբին: Այդ ժամանակ Պուտինն ազատել է պաշտոններից Ներքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և քննչական կոմիտեի 16 բարձրաստիճան պաշտոնյայի: