16.04.2025
Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության պետի տեղակալ
prev Նախորդ նորություն

Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ:


Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձևերով արտահայտել է իր անաչառ և արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի առջև ծառացած կարևոր մարտահրավերների վերաբերյալ: Դրանք միանշանակ պաշտպանում են միջազգային իրավունքը, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումների, հայ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակելու հրատապ անհրաժեշտության, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու հրատապ անհրաժեշտության և այլ հարցերում՝ ցույց տալով հավատարմությունը համամարդկային արժեքներին` արդարություն, անվտանգություն, խաղաղություն, հարգանք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ:


ԱԺ փոխնախագահը կարևորել է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը, որը կծառայի ինչպես քաղաքացիների երկկողմ տեղաշարժի, սոցիալ-մշակութային, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:


Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտան հետաքրքրվել է Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակով, ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի:


Նա օժանդակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցությանն ուղղված ջանքերին:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգի, խորացող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների վերաբերյալ հարցեր:


ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:


 

Լուսանկարը՝ factor.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան