25.11.2024
ԲՀԿ-ն առաջատարն է, հանրությունը գոհ է նաև Կարեն Կարապետյանի գործունեությունից. Հարցում
prev Նախորդ նորություն

Հայաստանը 2018 թվականից կայուն տնտեսական աճ է ակնկալում. Վարչապետ

Հայաստանը պատրաստ է իրագործել ժողովրդականություն չվայելող քայլեր, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում՝ մինչև 2018 թվականը հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադարձնելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:


Tert.am-ի հաղորդմամբ` գործակալությունը նշում է, որ երկիրը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից և վերջին երկու տարիներին իր վրա է զգացել այդ երկրի տնտեսական անկման հետևանքները: 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը 2015 թվականին գրանցված 3 տոկոսից նվազել է մինչև 0,2 տոկոս:


Այդ ցուցանիշն ավելի քիչ է եղել, քան կառավարության 2,2 տոկոսի թիրախը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ այդ թիրախային ցուցանիշը կգերազանցվի ոչ ուշ, քան այս տարի:


«Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է վարչապետը հարցազրույցի ժամանակ:


Այս տարի վարչական ծախսերը կրճատելը և բյուջեի դեֆիցիտը 2016 թվականին ակնկալվող ազգային արտադրանքի ընդհանուր ծավալի 5,9 տոկոսից 2,7 տոկոսի կրճատելու ծրագրերը կարող են ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա: Քայլերն անհրաժեշտ են, ասել է վարչապետը:


«Դա կունենա բացասական ազդեցություն… բայց մենք ցանկանում ենք փոխհատուցել դա մասնավոր ներդրումների միջոցով»,- ասել է Կարեն Կարապետյանը:


«Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք դիմակայել և հասնել այս տարվա համար 3,2 տոկոսի տնտեսական աճի»,- հավելել է ՀՀ վարչապետը:


Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և «բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը»:


Reuters-ը նշում է, որ Transparency International միջազգային կազմակերպությունը 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը ներառել է 176 երկրների ցանկի 113-րդ հորիզոնականում:


«Հենց մենք կարողանանք կայունացնել տնտեսական իրավիճակը, մենք կկարողանանք կայուն աճ գրանցել 2018 թվականից»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Պաշտոնյաների համաձայն՝ կառավարությունը պատրաստում է տնտեսական զարգացման ծրագիր, որը 2018 թվականից կփորձի հասնել 4-5 տոկոս տնտեսական աճի:


Վարչապետը նշել է, որ Ռազմավարական նախաձեռնությունների նոր կենտրոնը կմշակի մասնավոր սեկտորի հետ կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր:


Նա նշել է, որ «իրատեսական» է փորձել այս տարի գրավել 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց զգալի մասը կլինի մասնավոր սեկտորից: