Մեր ծրագիրը պրակտիկ է ու իրատեսական, մենք չենք փորձել որևէ մեկի աչքն ու ականջն արհեստականորեն շոյել, տարբեր բաներ խոստանալ, որոնք չենք կարողանալու իրականացնել: Մեր ծրագիրը ենթադրում է էվոլուցիոն և բնականոն զարգացում: Այս մասին Արմավիրի մարզում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ վերջինս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տվել է Արմավիրի մարզից:
«Հաշվի առնելով տարածաշրջանային մարտահրավերներն ու սպառնալիքները՝ մենք պետք է ապահովենք այնպիսի զարգացում, որը չի բերի մեզ ապակայունացման, փորձարկումների և ավանտյուրաների: Մենք չենք խոստանում, որ ապրիլի 3-ից կյանքը միագամից փոխվելու է, բայց խոստանում ենք, որ ամեն օր բաց, թափանցիկ ասելու ենք ինչ ենք արել և ֆիքսելու ենք այն ուրվագիծը, թե ինչ ենք ուզում անել, իսկ դուք տեսնելու եք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում: Մենք ֆանտաստիկ ներուժ ունեցող ազգ ենք, մենք ուղղակի բանաձև չունենք լավ չապրելու և գիտենք, թե ոնց է պետք անել»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ ճանապարհին ռեգուլյար աշխատանք է սպասվում, բայց և վստահեցրել, որ մենք շանս ունենք լավ երկիր դառնալու և մենք իրականում որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով հպարտանալու ենք:
ՀՀԿ առաջին փոխնախագահի խոսքով՝ Հանրապետականն ունի ամենաներկայացուցչական թիմը, որում ներգրավված են Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր շերտերը: Ըստ նրա` այդ թիմն ունի կառավարման ամենամեծ փորձը, քանի որ իրենց կազմում կան և’ կառավարիչներ, և’ ուսուցիչներ, և’ գյուղատնտեսներ, և’ մշակույթի գործիչներ, և այդ կառավարման փորձն ունի դրական ու բացասական կողմեր:
«Բացասականը ճիշտ գնահատելով, վերլուծելով՝ կարող ենք հետագայում սխալներից խուսափել: Այս պահին ես չեմ լսել մեկ այլ կուսակցության, մեկ այլ քաղաքական ուժի, այդ թվում այն ուժերը, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, որը բարձրաձայն ասում է՝ այո, մենք ունեցել ենք սխալներ: Դա իրականում պահանջում է համարձակություն և ռեալիստական մոտեցում»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ բացթողումները եղել են և’ օբյեկտիվ, և’ սուբյեկտիվ պատճառներով:
Կարեն Կարապետյանը շեշտել է՝ ՀՀԿ-ն հայտարարել է փոխվելու և փոխելու մասին և հավելել, որ որոշակի քայլեր արդեն նկատելի են, թիմը համալրվում է նոր անդամներով, եռանդուն, բանիմաց, երիտասարդ կադրերով, և բոլորը միահամուռ են այն նպատակների իրականացման գործում, որոնք ՀՀԿ-ն իր առջև դրել է:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ի թիմը տարբերվում է նաև իր յուրահատուկ վերաբերմունքով Արցախի նկատմամբ, որն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը.
«Վստահ եմ, որ ՀՀ-ում կգտվեն քիչ մարդիկ, ովքեր կասեն, թե ՀՀԿ-ն Արցախի հարցում լինելու է ոչ հետևողական և անարժանապատիվ: Պետք է լինենք ուժեղ, հպարտ և պատրաստ կամայական մարտահրավերի»,- ընդգծել է նա: Հաջորդ կետը` տնտեսական զարգացման հստակ ծրագիրն է: Վարչապետը նշել է, որ անցած վեց ամիսների ընթացքում ախտորոշվել են բոլոր այն խնդիրները, որոնք կանգնած են տնտեսության յուրաքանչյուր ճյուղի առջև, ձևակերպվել է այն տեսլականը, թե ինչպես պետք է գնանք առաջ.
«Ինչ որ նշված է ծրագրում՝ դրա համար պատասխան ենք տալու: Կար կարծրացած մի միտք, թե ՀՀ-ում ներդրում անելն անհնար է, ներդրում անողը շահույթ չի կարող ստանալ և այլն: Մենք հանրությանը ներկայացրել ենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր: 830 մլն դոլարը ներդրվելու է այս տարի: Այդ ծրագրերը բաժանվել են ըստ ոլորտների, և ըստ մարզերի: Արմավիրի մարզում նախատեսվում է 85 մլն դոլարի ծրագրեր՝ չորս հազար աշխատատեղի ստեղծմամբ: Դրանք վերաբերում են տարբեր ոլորտների՝ ջրամատակարարում, ջրահեռացում, էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, տրանսպորտ և այլն: Վստահ եղեք, որ ինչ հայտարարել ենք՝ միանշանակ իրականացնելու ենք»,- հավաստիացրել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ավարտին նա արմավիրցիներին խնդրել է լինել լավատես, որովհետև առանց դրա՝ փոփոխություն անել, առաջ շարժվել անհնար է: Եվ խորհուրդ տվել ապրիլի 2-ին քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: