VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետ են ընտրելու` 2 թեկնածու է առաջադրվելու. Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից` Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են Ղուկասյանին սատարելու մասին։ ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:
Հիշեցնենք․ ՔՊ-ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը»՝ 6, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնքը»՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ։ ՔՊ-ի հույսն այն է, որ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն արդյունք կտան, եւ ոմանք չեն քվեարկի։ Եթե առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա 17 ձայն, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջեւ կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ` ղեկավար կընտրվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու 17 անդամ։ Եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան, ու համայնքապետ չընտրվի, կգնան նոր արտահերթ ընտրությունների։
Քաղաքապետի ընտրությունը բաց քվեարկությամբ է՝ անհատական քվեաթերթիկներով, որոնց վրա ընտրողի անուն-ազգանունն է նշվում»։
Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել:
Նշենք, որ օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը զեկուցել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման եւ կառավարման համակարգում պիլոտային մեթոդաբանությունների ներդրման, օրենսդրական կարգավորումների, բարեվարքության ուսումնասիրությունների համակարգում օրենսդրական փաթեթի ընդունման եւ դրա վերաբերյալ ընդհանուր միտումների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հանդիպման ժամանակ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ այն, ինչ քննարկվում է կոռուպցիայի առնչությամբ, կարելի է ասել, «ջուր ծեծոցի» է, եւ առավել ճիշտ կլինի, որ այս պահին սկսեն քննարկել իշխանության ներսի ամենակարկառուն ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ կոռուպցիոն մեխանիզմների մեջ լինելու փաստը, եւ քննել հենց նրա հարցը:
Սակայն Նիկոլ Փաշինյանը, որեւէ կերպ ընթացք չի տվել եւ որեւէ ձեւով չի արձագանքել այդ հայտարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական մեզ փոխանցված այս տեղեկությունը:
Զրուցեցինք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, ով ներկա է եղել հանդիպմանը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին:
Նշենք, որ ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի՝ Տիգրան Ավինյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել ու, կարծես թե, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում լրջորեն «զբաղվել» Ավինյանով, քանի որ սեպտեմբերին ՔՊ-ն նոր վարչության կազմ է ընտրելու, ու Փաշինյանը նպատակ ունի «ավինյանական թեւին» չեզոքացնելու»։