VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է ․ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն «անառակ որդու» պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է ՌԴ նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախատեսված Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։
ՔՊ-ում շունչները պահած սպասում են այդ այցին, կարծում են, որ Պուտինի հետ շփումից որոշակի կդառնա Հայաստանում իշխանության ճակատագիրը: Համառ լուրեր կան, որ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդող Ռուսաստանը մոտ ապագայում «ուբոռկա» է սկսելու տարածաշրջանային երկրներում՝ մաքրելով դրանք իր համար «օտար» մարմիններից, մանավանդ՝ նրանցից, ովքեր իրենց վատ են պահել իր նեղության ժամին։ Չնայած Փաշինյանին լավ ճանաչողները կարծում են, որ եթե նա Ալիեւի ու Էրդողանի առաջ է խոնարհվում, ոչ մի դժվարություն չի ունենա Պուտինի առջեւ խոնարհվելու հարցում եւ կրկին կանցնի ռուսի թրի տակով։
«Հրապարակը» գրում է ․ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ եւ պետի տեղակալ չունի։ Նախկին ղեկավար Սրբուհի Գալյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր պետ չի գտնում։ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։ Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը։ Սերոբյանն իր նախկին գործընկեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։ Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է։
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Ինչպես կես-կատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար՝ այդ համաձայնագիրը երկու օրինակից տպեց, միակողմանի ստորագրեց և ուղարկեց Բաքու: Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախ պետք է նշել, որ Փաշինյանը պատրաստ է թշնամու հետ ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությունն անհայտ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ու դա, ի դեպ, անում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որ կուրծք էր ծեծում՝ բղավելով Հանրապետության հրապարակով մեկ, թե ինքը երբեք ժողովրդի թիկունքում համաձայնություն չի ստորագրի: Հետո, իհարկե, ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հիմա սա է պատրաստվում ստորագրել: Իսկ այն, ինչ նա պատրաստվում է ստորագրել, իրականում «խաղաղության համաձայնագի՞ր» է:
Ընդհանրապես, ի՞նչ է դա: Առկա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունները, փորձագետների մեկնաբանությունները թույլ են տալիս պնդել, որ գործնականում գործ ունենք վերջնագրի կամ, ինչպես շատերն են գնահատում, բացահայտ կապիտուլյացիայի հետ: Բացի այլ պահանջներից, Ադրբեջանը Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում է պատերազմով: Բայց ամբողջ հարցն այն է, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ևս Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնում են պատերազմով: Այսինքն, ահաբեկում են, տեղեկատվական ու ապատեղեկատվական տեռորի են ենթարկում:
Ըստ որում, հարց է ծագում, թե այդ ինչ ու այդ ինչպես են «խաղաղության պայմանագիր» բանակցել, որ այն սպառնալիքներով է «մատուցվում»: Երկրորդ՝ առնվազն հրապարակային դաշտում առկա տեղեկության համաձայն, այդ «համաձայնագրում» արտացոլված են Ադրբեջանի միակողմանի շահերն ու պահանջները, այսինքն՝ ստանալու բան (բաներ) ունենում են բացառապես Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Հայաստանը միայն զիջողի, տվողի, պահանջ կատարողի դերում է: Հետևություն. այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է: Ու, այո, այն ոչ մի կերպ «խաղաղության» մասին չէ: Թեկուզ այն պատճառով, որ միակողմանի «խաղաղություններ» չեն լինում...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները Գյումրիից հայտնում են, որ իշխող «Քաղպայմանագրի» ողջ վերնախավը գտնվում է Գյումրիում այս օրերին: Ե՛վ վարչության անդամները, ե՛ւ պատգամավորները, միմյանց հերթ չտալով, այցելում են Սարիկ Մինասյանին, իրենց պատրաստակամությունը հայտնում օգնելու, սակայն իրավիճակը չի փոխվում: ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է, եւ որեւէ հոլովակ, քաղաքը պաստառապատելու որեւէ քայլ, անգամ՝ պետբյուջեի միջոցներով արվող տարբեր շինարարություններ ՔՊ-ի հաղթանակի շանսերը չեն ավելացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներին օրերս խիստ հրահանգ է տվել՝ եթե պարտվեն, բոլոր պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն. Գյումրու հաղթանակը ՔՊ-ի համար ճակատագրական նշանակություն ունի:
Շատ ՔՊ-ականներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաեւ կարծիք էին հայտնում, որ տարատեսակ պաշտոնյաների այցը նախընտրական Գյումրի նաեւ իր բացասական կողմն ունի, քանի որ քաղաքացիները սկսել են խոսել, թե մինչ այս պետությունն ինչու Գյումրիին դեմքով չէր նայում: Ըստ այդմ, Գյումրիում կարծիքներ կան ՔՊ շրջանակում՝ գուցե թողնեն Սարիկ Մինասյանը միայնա՞կ պայքարի, եւ չխանգարե՞ն նրան»:
«Հրապարակը» գրում է․ Գյումրու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում իշխանական քարոզչամեքենան լծվել է Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի դեմ սեւ քարոզչությանը եւ փորձում է այս երկու գլուխները մի կաթսայում տեղավորել` նույնականացնել, թե երկուսն էլ նախկին են, առաջինը` Ռոբերտ Քոչարյանի, երկրորդը Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Եվ հորդորում են ոչ մի դեպքում այս թեկնածուներին ձայն չտալ, որ նախկինները «հետ չգան»: Սակայն ընտրարշավին մասնակցողները վստահեցնում են, որ այս երկու թեկնածուի միջեւ այնպիսի անհաղթահարելի պատնեշ կա, այնքան մեծ թշնամանք, որ նրանց միանալը գրեթե բացառում են եւ կանխատեսում, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։
Մարդիկ անգամ գրազ են գալիս, որ եթե որեւէ ուժ մեծամասնություն չունենա, եւ եթե ավագանի անցնեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը, ինչը կստիպի, որ նրանք միավորվեն՝ տապալելով Գյումրին գրավելու ՔՊ-ական պլանները։ Երկու թեկնածուն էլ, հիշեցնենք, հայտարարել են, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառված է: Եվ արդեն իսկ նշմարվում է, որ առաջատար եռյակում լինելու են Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Սարիկ Մինասյանը, գուցե՝ եւս մեկ ուժ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բազմաչարչար համընդհանուր հայտարարագրումը շարունակում է որպես ոսկոր մնալ քաղաքացիների կոկորդում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ժամանակ չունի վարչապետի խոստումներին իրավական ուժ տալու: Տարեսկզբին խուճապահար արեցին քաղաքացիներին՝ ասելով, որ մինչեւ մայիսի մեկը պետք է լրացնեք հայտարարագրերը, այլապես կսահմանվեն տուգանքներ, կգործադրվեն ճնշումներ, քանի որ չպետք է լինի մեկը, որ հայտարարագիր լրացրած չլինի։ Բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից եւ անձնագրայինների դռների առջեւ կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։
Փաշինյանը, իհարկե, պատճառաբանեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամուտների հայտարարագիր լրացնել: Ամեն բան կարծես խաղաղվեց, քաղաքացիները հանդարտվեցին, որ հայտարարագիր լրացնելու ժամանակ դեռ շատ կա։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ թեեւ Փաշինյանը ժամկետներ է խոստացել, բայց կարծես այս անգամ «#ինչպեսխոստացելէի» հեշթեգը չի գործում։
Բանն այն է, որ Փաշինյանի ասուլիսից անցել է գրեթե 2 ամիս, սակայն մինչեւ այժմ այս հայտարարությունն իրավական որեւէ ուժ չի ստացել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը եւ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այնքան են տարված տնտեսական աճի թվերը կեղծելով, որոնք ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ հաճախ չեն համընկնում, որ փաստացի հայտարարագրման գործընթացները աչքաթող են արել: Վերջիններս նաեւ ընկել են հարկատուների հետեւից։ Մինչ ֆիննախը օրենքներ է փոխում հարկային օրենսգրքում, հայտարարագրման գործընթացը տեղում դոփում է, եւ Փաշինյանի խոստումը իրավական որեւէ հիմք չի ստանում։ Այսինքն՝ Կառավարությունը պաշտոնապես դեռ չի հաստատել, որ հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1։
«Ժողովուրդ» օրաթերթին ֆինանսների նախարարությունից հաստատեցին, որ Փաշինյանի հայտարարությունն իրավական ուժ չի ստացել, իսկ նախագիծը վերջնական շրջանառման մեջ չի դրվել։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ 750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը։ Ստացվում է, որ իշխանության գովասանքներին, հայտարարագրման արշավին, առաջարկված «կաշառքներին» զուգահեռ հայտարարագիր լրացրել է 750 հազար աշխատողների 1,6 %-ը։ Ահա թե ինչ տեսք ունի իշխանության գլուխգովանությունը եւ զուգահեռ ընթացող անգործությունը։ Իսկ քաղաքացիների այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան լուռ բոյկոտ Փաշինյանի կառավարությանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»: Մյուս կողմից՝ հերթական մեղադրանքն էր հնչել Արցախի իշխանությունների հասցեին, թե արցախցիներն իրենց «ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով» են կորցրել իրենց հայրենիքը:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ եթե խոսելու լինենք ապաշնորհ կառավարումից, ապա Հայաստանի օրվա իշխանություններից ավելի ապաշնորհ կառավարիչներ հայ ազգը երբևիցե չի ունեցել: «Նրանք այդ հարցում ամենավերին նշաձողն են զբաղեցնում՝ հաշվի առնելով իրենց իրարամերժ հայտարարությունները: Իրենց սխալ կամ, ինչու չէ, միտումնավոր վարած դիվանագիտության հետևանքով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ այն հայաթափվեց: Այդքանից հետո, իրենց ձեռագրի համաձայն, առ այսօր իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա, միշտ մեղավորներ են փնտրում, նորանոր մեղավորներ նշանակում: Դա իրենց ձեռագիրն է, որն արդեն տարբեր հարթակներում փաստվել է:
Բոլորս գիտենք, որ Արցախում կատարվածի հարցում Նիկոլ Փաշինյանը և իր խունտայի ներկայացուցիչները միշտ փորձում են մեղքը բարդել արցախցիների վրա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասել է՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի ապագան կախված են մեկ մարդուց, և այդ մարդն ինքն է: Այսօր փորձում են նոր մեղավորներ նշանակել, որպեսզի իրենց մտածածով ապագայում օրենքի առաջ պատասխանատվություն չկրեն: Բայց գալու է ազգային իշխանություն, ու այդ ժամանակ կլինեն իրական գնահատականներ, թե ում հայտարարությունների և գործունեության արդյունքում Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:
Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի շուրջ Հայաստանի՝ բանակցող չլինելու մասով Գալստյանն ընդգծում է հետևյալը: «Շատ ողջունելի է, որ հասկացան՝ բանակցություններում միշտ պարտվում են և այսօր, որպես բանակցային կողմ, չեն կարող հանդես գալ: Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց: Լինելով ի պաշտոնե բանակցողի աթոռին՝ հայտարարում են, որ չեն կարող բանակցել, ապա ինչո՞ւ են զբաղեցնում այդ աթոռները, եթե չեն կարողանում բանակցել և հայի շահն առաջ տանել: Իրենց անկարողությունն է պատճառը, որ այսօր չի խոսվում արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Բոլորիս խնդիրն է օր առաջ ազատվել այս անկարող իշխանություններից»,-եզրափակում է մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 5-ին հայտարարեց, որ ՀՀ Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Հայտարարեց նաեւ, որ առաջին անգամ է՝ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում»:
Իհարկե, հետո միլիարդներ մսխվեցին ԱՆԻֆ-ում, բայց դա չէր խանգարել, որ ԶՊՄԿ-ն 2 տարի անընդմեջ նվիրատվություններ անի վարչապետի տիկնոջ հիմնադրամին: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2023 եւ 2024 թվականներին ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի անունից առաջին անգամ՝ 20 մլն դրամ, իսկ 2-րդ անգամ 50 մլն դրամ է փոխանցվել «Իմ քայլը» հիմնադրամին, որի գործադիր տնօրենը Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկինը: «Ժողովուրդ» օրաթերթը նույն պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս գումարով ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ՝ Quanta-ն։
Հարկ է նշել, որ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկում նշվածից հասկանում ենք, որ միայն ԶՊՄԿ հիմնադրամի հետ է իրականացվել կրթական ծրագիր։ Այսպիսով, ինչպես հաճախ է հնչում հանրային միջավայրում, նախկիններին մեղադրելով թալանի, բիզնեսներին փայ մտնելու համար՝ Փաշինյանի իշխանությունը հեշտ միջոց գտավ փայ մտնելու գործընթացը շղարշելու հարցում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, ՀՀ Դատախազությունը Ազգային ժողով է ուղարկել 60 էջանոց մի փաստաթուղթ, որով փորձում է պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրել: Մինչդեռ 2018-ի օգոստոսից քննվել է այդ գործը, որին ներգրավված են 9 անձինք: Անցած 7 տարիների ընթացքում այս դատական գործը վախճան չի ունեցել, հիմա դատախազությունը որոշել է նույն արարքը վերաորակավորել: Ինչի մասին է խոսքը. Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների: Բայց ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին քննիչները, քննելով երկարամյա գործը, հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա նորից են փորձում առաջ քաշել:
Իսկ հիմա ամենազավեշտալին: 2021թվականին, Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ, Երեւանի կենտրոնի Իսակով պողոտայի 13/12 հասցեի «Երևանի երաժշտական հ. 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքը` 9446 քմ մակերեսով և 360 քմ մակերեսով կաթսայատան շինությունը վերցրել են դպրոցից ուղղակի վաճառքով՝ առանց աճուրդի, տրամադրել են «Արմենիա վայն գործարան» ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցվել: Այսինքն` դարձյալ դպրոցին հարակից տարածքը ուսումնական նպատակի չի ծառայել, բայց այս դեպքում որեւէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել:
Ստացվում է, որ արարքը, որն արել է Տարոն Մարգարյանը` որպես նախկին քաղաքապետ, հանցանք է համարում դատախազությունը, մտնում է ԱԺ՝ փողերի լվացման մեղադրանք առաջադրելու համար, իսկ երբ նույն արարքը կատարում է գործող Կառավարությունը, հանցանք չկա: Ահա ընտրովի արդարադատության կոնկրետ, փաստարկված դրսևորում»: