Ընդդիմադիր շրջանակներից հնչող մեղադրանքները անհեթեթ են. Կարապետյան
Ընդդիմադիր շրջանակներից հաճախ են հնչում մեղադրանքներ, թե մենք ուզում ենք փոխել մեր ազգային ինքնությունը։ Սա մի անհեթեթ մեղադրանք է․ մեր ազգային ինքնությունը, որ դարերի պատմական փորձառության արդյունք է, չի կարող հատուկ ծրագրվել-փոխվել։ Մեր ազգային ինքնությունը կարող է փոխվել միայն ինքնուրույն՝ նոր փորձառության հիման վրա։ Այս մասին իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հաճախ իրենց ելույթ-հոդված-հարցազրույցների կեսից այս մեղադրանքների հեղինակ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները գիտակցում են մեղադրանքի անհեթեթությունը՝ մի՞թե մեր ազգային ինքնությունը այնքան փխրուն է, որ այն կարելի է ծրագրել-փոխել։
Եւ այդժամ նրանք վերաձևակերպում են մեղադրանքը, թե իբր մենք ցանկանում ենք ճնշել մեր ազգային ինքնությունը, ինչպես օրինակ Խորհրդային Միությունն էր դա անում։ Սա ևս անհեթեթ մեղադրանք է, որովհետև հնարավոր չէ ճնշել ազգային ինքնությունը, եթե այդ ինքնությունը կրողները ազատ ընտրությունների միջոցով են ընտրում քաղաքական առաջնորդներին ու քաղաքական ծրագրերը։
Ես համոզված եմ, որ անկախ Հայաստանի ժողովուրդը, հենվելով իր նորանկախ Հանրապետության տասնամյակների փորձի վրա, պարզապես չի ցանկանում լինել ո՛չ Օսմանյան Կայսրության մեջ գործող ֆիդայի, ո՛չ էլ Խորհրդային Միության մեջ գործող դիսիդենտ, ո՛չ էլ դրա խառնուրդը՝ «եվրոֆիդայի»։ Ողջ երախտագիտությամբ անցյալի իրական ֆիդայիների և դիսիդենտների նկատմամբ, ո՞րն է իմաստը նրանց գործը անելու, եթե անկախ Հայաստանը արդեն կա և անհրաժեշտ է նրա մասին հոգ տանել։
Այս նորանկախ պետականության փորձառության ներառմամբ է, որ ձևակերպված է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, և ես համոզված եմ՝ մեր քաղաքացիները այդ գաղափարների մեջ ճանաչում են իրենց ընտանիքներում, իրենց մտերիմների հետ տարիներ շարունակ ծավալված խոսակցությունները՝ անկախ պետության քաղաքացիների կարիքների և իղձերի մասին խոսակցությունները»։