12.03.2025
ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել
prev Նախորդ նորություն

Թբիլիսի vs Երևան. Ինչու՞ Վրաստանը գրավում է կապիտալ, իսկ Հայաստանը՝ կորցնում

Օրերս Վրաստանի կառավարության և ԱՄԷ-ի խոշորագույն դեվելոփերական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջև 6 մլրդ դոլարի ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թե’ կոմերցիոն, թե’ աշխարհաքաղաքական նպատակներ։


Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և մեծացնել իր գրավչությունը միջազգային կապիտալի համար։ Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագիրը ոչ միայն կարդիականացնի Թբիլիսիի, Բաթումիի և Գոնիոյի ենթակառուցվածքային համակարգը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության ակտիվացմանն ու կայունության բարձրացմանը։


Մինչ Թբիլիսին հաստատում է իր կարգավիճակը որպես տարածաշրջանի ներդրումային կենտրոն, Երևանը մնում է ստվերում՝ օտարերկրյա կապիտալի համեմատաբար ցածր ներհոսքով։


Այսպես, 2023 թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ 2,3 անգամ նվազել է՝ կազմելով 443 մլն դոլար։ Ակնհայտ միտում է դարձել Հայաստանից բաժնետիրական կապիտալի արտահոսքը, ինչը հանգեցրել է բաժնետիրական կապիտալի զուտ ֆինանսական պարտավորությունների 335 մլն դոլարով նվազմանը։ Այս գործընթացը բացասաբար է ազդել նաև վերաներդրված կապիտալի վրա, որը կրճատվել է 200 մլն դոլարից ավելի։


ԱՄԷ-ից ներդրումների առումով խոշորագույն գործարքը դեռևս մնում է Masdar ընկերության և Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (լուծարվել է ֆինանսական խախտումների պատճառով) միջև կնքված պայմանագիրը՝ 300 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ։ Սակայն այս ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվում է։


Ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից, իսկ պետական քաղաքականությունը ներդրումների ներգրավման ոլորտում մնում է ֆրագմենտար ու չհամակարգված։ Դա նաև հետևանք է հստակ արտաքին քաղաքականության բացակայության։


Ակնհայտ է, որ վրացա-արաբական գործարքը նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ ԱՄԷ-ի ներդրումներն առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ կարող են հավասարակշռել Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությունը։ Դա, իր հերթին, համապատասխանում է ԱՄԷ-ի շահերին՝ միջազգային տրանսպորտային միջանցքներում իր դիրքերը ուժեղացնելու և Հարավային Կովկասից քաղցրահամ ջրի մատակարարումները զարգացնելու առումով։


Փորձագետ Վահե Դավթյան


 

Լուսանկարը՝ 168.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը