Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և մոտ. ԵՄ դեսպան
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը և ընդլայնվել նոր ոլորտներում, մենք աշխատում ենք գործընկերության օրակարգի վրա: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Անդրադառնալով ոլորտային կոնկրետ արդյունքներին՝ Մարագոսն առանձնացրեց Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը:
«Ինչ վերաբերում է խաղաղությանը և նորմալացմանը, այստեղ կցանկանայի շեշտել Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ դրա մանդատը ևս երկու տարով երկարացվել է։ 2023-ին է այն բերվել Հայաստան, և դրանից հետո ավելի քան 4000 պարեկ է բերվել Հայաստան-Ադրբեջան սահման, որպեսզի դիտարկումներ կատարեն և հաշվետվություն ներկայացնեն հենց տեղից:
Անցյալ ամռանը ԵՄ-ն որոշել է աջակցել Հայաստանին` խաղաղության եվրոպական գործիքի միջոցով 10 մլն եվրոյի աջակցության շնորհիվ: Մենք նաև ներառում ենք Հայաստանի ղեկավարությանն անվտանգության երկխոսություններում»,- ասաց դեսպանը: