25.02.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է՝ վերանայելու է պետական սիմվոլները․ ՄԱՄՈՒԼ

Լուսանկարը՝ tasnimnews.com
Լուսանկարը՝ tasnimnews.com

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․


«Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր «գաղափարախոսական ուղերձները» ներկայացրել է նաեւ ՔՊ փակ նիստերում, ասելով՝ նոր ժամանակները նոր գաղափարախոսություն են պահանջում, եւ ինքը դիտարկում է ոչ միայն Սահմանադրության, այլեւ հիմնի, դրոշի, պետական այլ սիմվոլների վերանայում։ Հարցրել են՝ Սահմանադրությունը փոխում ենք Ալիեւի՞ պահանջով, ասել է՝ Ադրբեջանի խնդրահարույց պահանջները «խաղաղության պայմանագրի» կնքումով կվերանան, ինքը հիմա նոր՝ իրական Հայաստանի մոդելն է զարգացնում, եւ անգամ ակնարկել է, որ սրանով «չորրորդ հանրապետության» հիմքերն է դնում։


Ի դեպ, նման բան ասել էր նաեւ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, հարցին, թե նոր Սահմանադրություն առաջարկում է նոր՝ չորրորդ հանրապետությա՞ն համար, ասել էր. «Դա գաղափարներից մեկն է»:


«Հրապարակ» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին․ ավտոպարկը կրճատեց, նրանց ենթակայությունից հանվեցին դպրոցները, հիմա՝ հիվանդանոցները: Դրանք հանձնվեցին ԿԳՄՍՆ-ին եւ առողջապահության նախարարությանը։ Տպավորություն է, որ շուտով փակելու է մարզպետարանները` հայտարարելով, թե «Հայաստանից արմատախիլ արեց հին ֆեոդալական ինստիտուտը»։ Իրականում, ոլորտից տեղյակ անձի կարծիքով, իշխանության ու ռեսուրսների կենտրոնացում է արվում՝ ամենայն հավանականությամբ, գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։ Դպրոցները, հիվանդանոցները, սոցծառայությունները մեծ ադմինիստրատիվ ռեսուրս են, ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր նշանակած մարզպետներին ու որոշել է այդ ռեսուրսն անձամբ կառավարել։


Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ներկայիս մարզպետերն իսկապես կշիռ եւ հեղինակություն չունեն իրենց տարածքներում, ինչպես նախկին մարզպետները։ Խոշորացված համայնքների ղեկավարներն ավելի շատ լծակներ ունեն, եւ ներմարզային հարաբերություններն ավելի շատ համայնքապետերը, քան մարզպետներն են կառավարում։ Բնականաբար, ընտրողի քվեն էլ նրանք են ուղղորդելու դեպի ՔՊ»։


«Փաստ» օրաթերթը գրում է.


«Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը կարող է, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում կուսակցության շարքերը կհամալրի Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն էլ կուսակցության առաջիկա համագումարում կընտրվի «Ժառանգության» ղեկավար:


«Փաստը» դիմեց «Թաթոյան» հիմնադրամ՝ ճշտելու այս տեղեկությունը, որտեղից մեզ պատասխանեցին հետևյալը. «Կոնկրետ այդ հարցի հետ կապված վերջին մի քանի տարիներին պարոն Թաթոյանի հետ տարբեր քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ անընդհատ տարբեր թեմաներով քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացնում, նրա անունը կապում են նման իրադարձությունների հետ: Ամեն դեպքում դրանք բնականոն գործընթացի մաս են, որն ընթանում է, և կարևոր են:


Պարոն Թաթոյանը տարբեր հարցազրույցների, հրապարակային ելույթների ժամանակ մշտապես շեշտել է, որ երբ որոշի քաղաքական նշանակության որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել կամ որոշում կայացնել, հենց ինքն էլ այդ մասին հրապարակային կհայտարարի: Նա անձամբ ամեն ինչ կասի»:


 


 

Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել
Հաջորդ նորություն next