«Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթի հաղթողը հայտնի է
Լուսանկարը` yerevan.am
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում՝ փետրվարի 24-ին, հայտարարվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքների մրցույթի հաղթողը։ Հաղթող ճանաչված մասնակիցը առաջարկել է իրականացնել շուրջ 20 մլրդ 46 միլիոն դրամի չափով ներդրում։
ՍիվիլՆեթի հարցմամբ քաղաքապետարանից պարզ է դարձել, որ ներդրումն իրականացվելու է ընկերությունների կոնսորցիումի միջոցով, որը ներկայացնում է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն։ Սա այն նույն ընկերությունն է, որը նախկինում պլանավորել էր Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցել մետալուրգիական գործարան, սակայն ադրբեջանական կրակոցների պատճառով ծրագիրը տեղափոխվել է։
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանի խոսքով, ծրագրի իրականացման տրամաբանությունն այն է, որ քաղաքապետարանը, հաղթող մասնակցի հետ կնքելով պայմանագիր, կտրամադրի կառուցապատման իրավունք։ Արդյունքում համալիրը կստանա ամբողջական տեսք, կապահովվի նորաստեղծ հատվածի կապը ինչպես Գաֆեսճյան թանգարանի, այնպես էլ Հաղթանակի 50-ամյակի զբոսայգու հետ՝ իրականացնելով Ալեքսանդր Թամանյանի՝ քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները միմյանց կապելու ճարտարապետական մտահղացումը։
Աշխատանքները կիրականացվեն ֆրանսիացի ճարտարապետի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա։ Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրումը նախատեսվում է այս տարվա չորրորդ եռամսյակում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կառուցապատումը կիրականացվի այն պայմանով, որ քաղաքապետարանը ներդրողին հարակից տարածքում հողատարածք կհատկացնի։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է օտարել շուրջ 7 հեկտար համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք՝ բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման համար։ Միաժամանակ, Երևան համայնքը նախատեսում է սկսել տարածքում առկա մասնավոր սեփականության նկատմամբ գերակա շահ ճանաչելու գործընթաց։