USAID-ում զանգվածային կրճատումներ են․ երկու հազար աշխատակից ստացել է ազատման ծանուցագրեր
Լուսանկարը` nytimes.com
The New York Times-ի հաղորդմամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) սկսել է անձնակազմի զանգվածային կրճատման գործընթաց։
Գործակալության մոտ երկու հազար աշխատակից ստացել է ազատման ծանուցագրեր, իսկ մինչև հազար դիվանագիտական ծառայության աշխատակից ուղարկվել է վճարովի արձակուրդ։
Կրճատումները հիմնականում ազդել են ԱՄՆ-ում աշխատող անձնակազմի վրա, մինչդեռ «կրիտիկական ծրագրերում» ներգրավված աշխատակիցները պահպանել են իրենց պաշտոնները։ Այս որոշումը հետևել է ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից գործակալության «անիմաստ ծախսերի» վերաբերյալ վերջերս հրապարակված փաստաթղթին։
Փետրվարի սկզբին Սպիտակ տունը հրապարակել էր USAID-ի ծրագրերի ցանկ, որոնք քննադատության էին արժանացել միջոցների ծախսման բնույթի պատճառով։
Դրանց թվում էին 1.5 միլիոն դոլարի հատկացումը Սերբիայի աշխատանքային կոլեկտիվներում հավասարության և ներառականության խթանման ծրագրերին, Կոլումբիայում տրանսգենդեր օպերայի ֆինանսավորումը 47 հազար դոլարի չափով և Գվատեմալայում ԼԳԲՏ-ակտիվիզմի աջակցությունը, որին ուղղվել էր 2 միլիոն դոլար։