Վրացական իշխող էլիտան խուսափեց մահացու սցենարից և այժմ հաղթում է
Լուսանկարը՝ Արա Պողոսյան
Ժամանակն անխուսափելիորեն ցույց կտա, որ Հայաստանի արևմտամետները իրենց հաշվարկների մեջ սխալվել են ու սխալն այդ գործվել է 100 տարի առաջ, 200 տարի առաջ, 300 տարի առաջ ու էսպես կարելի է վերադառնալ մինչև Կիլիկիայի Հայկական թագավորության ժամանակահատված (ու դեռ ավելին), երբ երկիրը ներսից պառակտվեց հատկապես նրանց պատճառով, ովքեր լատինամոլության պատճառով քանդեցին ներքին հասարակական միասնությունը և Թագավորությունն ուղղակի քանդվեց իր լատինամոլ և լատինաֆոբ խմբերի ներքին բախումների, արտաքին թշնամու դեմ միասնական ճակատի փլուզման, ներքին դավադրությունների պատճառով։
Նույնը բախտորոշ ժամանակն ենք ապրում ու նույն մարդիկը նույն մաշող ու քանդող գաղափարները կրկին արթնացնում են ժողովրդի մեջ։ Ընդ որում կաս դեպքում բոլորովին կապ չունի` արևմտամետ թե ռուսամետ, քանզի երկուսի վերջնարդյունքն էլ նույնն է լինելու` հուսախաբություն, պառակտում և պարտություն։
Նայեք հայ արևմտամետներին, վերցրեք նրանց կանխատեսումները ու կհասկանաք, թե ինչքա՜ն նման են ժամանակները։
Վրացական իշխող էլիտան շա՜տ ավելի հասուն և խորագիտակ գտնվեց, չմտնելով իր համար մահացու սցենարի մեջ, և այժմ ունի հնարավորություն քաղելու դրական դիվիդենտներ։ Այնինչ հայկական քաղաքական միտքը, հատկապես իշխող և նրանց մերձակա, ուղղակի տապալված է։
Հիշում եմ, թե ինչպե՜ս էին հայհոյում վրացական իշխանություններին, ավելի ռադիկալ նեոլիբերալները անգամ Վրաստանի հայկական համայնքին էին մեղադրում գործող իշխանություններին քվե տալու համար, այնինչ իրենք սովորական դեմագոգներ են, ովքեր աշխարհը տեսնում են միայն սևի և սպիտակի մեջ։
Քայքայված անվտանգային համակարգ ունեցող երկիրը ուղղակի իրավունք չունի մտնելու այնպիսի կոնֆլիկտածին քննարկումների, բևեռային ուղղորդման դաշտ, որը կարող է մահացու դառնալ։
Դեռ 140 տարի առաջ առաջին հայկական կուսակցության գաղափարախոսները ասում էին. «նախ մենք զորանանք և պատրաստ լինենք դիմագրավել մարտահրավերներ, հետո միայն կմտածենք կողմնորոշման մասին»:
Քաղաքագետ Արա Պողոսյան