22.02.2025
Թուրքիան զրկվել է միջնորդի կարգավիճակից ուկրաինական հակամարտությունում
prev Նախորդ նորություն

Ընտրություններով իշխանափոխությունը՝ որպես երկրի ապագայի միակ հուսալի ճանապարհ

Լուսանկարը՝ news.5tv.am
Լուսանկարը՝ news.5tv.am

Մի դեստրուկտիվ թեզ է շրջանառվում, թե Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ: Այսինքն, կոչ է արվում իշխանությունը փոխել փողոցային ընդվզումով:


Հաջորդ հիմար թեզն այն է, որ փողոցային ընդվզումով կարող են իշխանափոխություն իրականացնել միայն մահապարտները, որոնք ոչինչ կորցնելու չունեն, այդ թվում նաև ինքզինքը:


Մի կողմ թողնենք այն, որ, կարծես թե նման մահապարտներ, հատկապես այդ թեզը տարածողների շրջանում, չկան, նաև՝ չկա նման իշխանափոխության մեթոդոլոգիա: Անգամ Գլխավոր Շտաբը ՛՛պոտչը՛՛ չկարողացան իրականացնել, այն էլ ողբերգական դավադրություն-պարտությունից հետո:


Թե ինչու և ովքեր են այդ թեզը տարածում (նկատի չունեմ այդ թեզն առանց մտածելու կրկնողներին), այլ խոսակցության թեմա է, սակայն նրանց այդ խոսույթի հիմնական պատճառներից մեկն ընտրությունների միջոցով իշխանության գալու հնարավորություն չունենալն է:


Լավ, ենթադրենք՝ մահապարտներն իրականացնում են իշխանափոխություն, բնականաբար, իրենք էլ պետք է գան իշխանության կամ էլ նրանց ետևում թաքնված ՛՛ռեսուրս՛՛ ունեցողները: Այսինքն, Հայաստանում քաղաքական գործընթաց իրականացնելն անիմաստ է, ընդամենը մեկ անծրագիր ավանտյուրիստին մեկ այլ անծրագիր մահապարտով փոխարինելն է:


Ինչպես ֆիդայիններից կանոնավոր ու մարտունակ բանակ հնարավոր չէ ստեղծել, այդպես էլ փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ հնարավոր չէ ունենալ:


Մինչև Հայաստանում տեղի չունենա քաղաքական գործընթացի շնորհիվ օրինական իշխանափոխություն, հանրային լայն գիտակցված աջակցությամբ (հերթական, կամ արտահերթ), մենք որևէ ապագա չենք կարող ունենալ:


Իսկ եթե պարզվի, որ, իրոք, հայ ժողովուրդն անկարող է օրինական ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը, ապա խնդրում եմ վերջին արտագաղթողին Զվարթնոց օդանավակայանի լույսը չմոռանա անջատել:


Հ.Գ. Առիթից օգտվելով՝ պետք է խոսել նաև Միասնական Ընդդիմություն ունենալու ապաքաղաքական թեզի մասին: Գիշատիչների ու բուսակերների մեկ միասնական բլոկը չի կարող հաջողության հասնել, երբ ընտրողներն էլ են կենդանական աշխարհի տարբեր տեսակների ներկայացուցիչներ, կերակրաշղթայի տարբեր բևեռներում գտնվող:


Ցանկացած Միասնական Ընդդիմություն ենթադրում է վարագույրի ետևում մարիոնետներին խաղացնողի հաստ ու բրդոդ ձեռք:


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան