Քաղաքապետարանում կրկին զիջումների են գնացել. նոր արտոնություններ տրանսպորտային փաթեթներում
Դժգոհ քաղաքացիների շարունակվող բոյկոտի ֆոնին Երևանի ավագանին այսօրվա նիստում փոփոխությունների նոր փաթեթ է առաջարկել: 33 կողմ, 17 դեմ ձայներով խորհուրդը հավանություն տվեց նոր արտոնություններին և տրանսպորտային փաթեթների գործողության ժամկետի երկարաձգմանը:
Անսահմանափակ են դարձել մեկօրյա և մեկշաբաթյա տրանսպորտային փաթեթները։ Երկարաձգվել է նաև 3 ուղևորության համար նախատեսված 300 դրամ տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից մինչև 180 րոպե: 10 ուղևորության փաթեթի վավերականության ժամկետը 30 օրից հասցվել է 45 օրվա:
Երևանում չգրանցված թոշակառուներն ու նպաստառուները ևս կկարողանան օգտվել զեղչերից։ Անվճար երթևեկելու իրավունք են ստացել հաշմանդամություն ունեցող երեխաները և ցանկացած տարիքի 4 և ավելի երեխաների ծնողներ:
Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից։