Թանգարանն այն վայրն է, որտեղ ամեն այցելու կարող է զգալ Տերյանի հոգու շունչը
Փետրվարի 9-ին լրացավ նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Տերյանի հետ» խորագրով տոնական միջոցառումների շարք էին նախաձեռնել։
Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել էին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին:
Ներկաները նշանավորել են Վահան Տերյանի գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը։
«Տերյան մշակութային կենտրոն»-ի նախագահ, տերյանագետ Առուշան Հակոբյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ Վահան Տերյանը լեգենդ է իր մանկությամբ, իր պատանեկությամբ, իր երիտասարդությամբ, իր գործունեությամբ և պոեզիայով: Տերյանը լեգենդ դարձավ իր վախճանով: Նա անընդհատ մեզ հետ է, նա յուրաքանչյուր հայ պատանու հետ է։
Երևանի հմ. 91 դպրոցի աշակերտներն էլ ասմունքել են Տերյանի բանաստեղծություններից։
Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը ներկայացրել է ՋԱՀ-ի կողմից վերականգնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի շինարարական և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Նա նշել է, որ թանգարանը դառնում է մի վայր, որտեղ ամեն այցելու կարող է զգալ Տերյանի հոգու շունչը, ծանոթանալ նրա կյանքի պատմությանը և ներշնչվել նրա գրական վեհությամբ։