30.01.2025
Հայաստանի առևտրային միտումները. ԵԱՏՄ-ի հետ աճում է, ԵՄ-ի հետ՝ նվազում
prev Նախորդ նորություն

Ամեն ինչ անում են, որ Փաշինյան-Թրամփ հանդիպումը կայանա․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Գագաթնաժողովն կանցկացվի հինգերորդ անգամ, սակայն դրան գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցելու: Մեր տեղեկություններով, հայկական կողմը նախապես աշխատանքային հանդիպման խնդրանքով է դիմել Սպիտակ տան վարչակազմին, որ Փաշինյանն ԱՄՆ այցի օրերին կարողանա հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն որեւէ պատասխան մինչ այս պահը դեռ չեն ստացել։


Փաշինյանի խոսնակը, սովորույթի պես, երեկ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած դրան, իշխանական որոշ շրջանակներ պնդում են, որ հանդիպումն անպայման կայանալու է՝ Սպիտակ տանը, փետրվարի 5-ին: Նշենք, որ Ազգային աղոթքի նախաճաշը հենց այդ օրն է նախատեսվում, եւ հնարավոր է, որ հենց այդ նախաճաշի ժամանակ էլ Փաշինյանը հաջողացնի կանգնել Թրամփի կողքին եւ անգամ լուսանկարվել: Հիմա նրա դիրքերը շատ խախուտ են` դրսի աջակցությունն անչափ կարեւոր է»։


«Հրապարակ» թերթը գրում է.


«Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողներն Ազգային ժողովում մասնակցելու են փակ քննարկման: Ներկա են լինելու ուժային կառույցների ղեկավարները: Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազը, ՆԳ, պաշտպանության նախարարները, ԱԱԾ տնօրենը: Վերջինս նաեւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովի կազմում կան նաեւ իշխանությանը կից քաղհասարակության ներկայացուցիչներ:


Ծնողներից մեկը մեզ ասաց, որ 195 անհետ կորածների հարազատներն էլ` գրեթե բոլորը գնալու են Ազգային ժողով, սակայն քննարկումը կայանալու է ԱԺ մեծ դահլիճում, իսկ նրանց մեծ մասին նստեցնելու են լրագրողների օթյակում: Հարազատներից միայն 16 հոգի է ներկա լինելու դահլիճում, որ պաշտոնյաների անդորրը հանկարծ չխախտեն, էքսցեսներ չլինեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Տրանսպորտի թանկացման իրենց նախաձեռնությունը 4 անգամ փոփոխած, «կարած-ձեւած» քաղաքային իշխանությունը օրերս հերթական հետքայլը կատարեց՝ 1 ուղեւորությունը 150 դրամ՝ 300-ի փոխարեն դարձնելով:


Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին նախօրեին պնդում էր՝ հնարավոր չէ որեւէ փոփոխություն թույլ տալ, այդ թվում՝ հնարավոր չէ, որ ուղեվարձը 150 դրամ դառնա, բայց արի ու տես՝ անհնարին ոչինչ չկա: Իսկ ի՞նչն է անդրդվելի ՔՊ քաղաքապետին ստիպել հետքայլ կատարել:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հասարակության դժգոհությունների ալիքը խիստ անհանգստացրել է ՔՊ-ին, մի քանի անգամ նեղ կազմով նիստ են արել: Վերջին անգամ նախօրեին կայացած վարչության նիստի ժամանակ Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են ուղեվարձի հարցը եւ հասկացել, որ տրանսպորտային համակարգում ռեֆորմներ անելը հեշտ չի լինի, մարդիկ կբոյկոտեն: Քննարկվել է նաեւ վիճակագրությունը, որ մինչ օրս հանրության քիչ տոկոսն է ձեռք բերել իրենց մշակած տրանսպորտային փաթեթները: Այսպիսով՝ երկար ու բուռն քննարկումներից հետո որոշել են ռիսկի չգնալ ու հասարակության «նյարդերի» հետ չխաղալ, այն էլ՝ ընտրությունների շեմին:


Անգամ «Գելլափ»-ի տվյալներով՝ ռեկորդային ցածր վարկանիշ ունի ՔՊ-ն. եթե այս կիրակի կայանային ընտրություններ, մոտ 11 տոկոսը ընդամենը կքվեարկեր Նիկոլ Փաշինյանի օգտին»:


 


 

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը 30 %-ով կբարձրանա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների