Երևանի քաղաքապետի հետքայլը. 300 դրամի փոխարեն 150 դրամ, բայց բոյկոտը կկայանա
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ 300 դրամը մեկ ուղևորության արժեքը չէր, այլ ընդամենը երեք տեղփոխով տարբերակի կամ զբոսաշրջիկների համար էր, իսկ ընդդիմության նպատակը ձեզ մոլորեցնելն էր»,- գրել է նա։
Նշենք, որ երեկ երեկոյան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց քաղաքային իշխանությունների հետքայլի մասին.
"Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս. մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականի ընթացքում: Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»,-ասել է Ավինյանը:
Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:
Նշենք, որ այս հայտարարությանն առաջինը արձագանքեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հայտարարելով, որ ժողովրդի պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ․ մեկ ուղևորությունը՝ 100 դրամ․
«Ոչ մի թիվ չունեն, ոչ մի հաշվարկ չկա նրանց որոշման տակ․ նպատակը միայն ժողովրդին թալանելն է, սա էլ քիչ է՝ ասում են մինչև 2025 թվականի վերջ է գործելու, հետո նորից կարող է թանկանալ։ Հիշեցնում եմ, որ ժողովրդի պահանջը մեկ ուղևորությունը 150 դրամ չէ, 100 դրամն է։ Այս պահանջը և բոյկոտը մնում են ուժի մեջ»,-ասել է Մարությանը։