VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի` Հանրայինին տված հարցազրույցից մեկ օր հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություն արեց, թե` Արցախի կորստի միակ մեղավորը Փաշինյանն է: Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են ինքն ու Պուտինն արձագանքել Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում, նաեւ ասել է, թե Փաշինյանը կկործանի Հայաստանը. «Մենք՝ ես ու Պուտինը, ապշել էինք, զանգեցի նրան, հարցրի՝ լսեցի՞ր, ասաց՝ լսեցի: Հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել: Փաշինյանն ինքն է հրաժարվել Ղարաբաղից, թեեւ այդ պահին Ալիեւը պատրաստ էր համաձայնել, որ դա մի տարածք է, որտեղ հայերը պետք է ունենան լուրջ ազդեցություն, բայց ահա եւ նվեր, ո՞վ չէր օգտվի»:
Ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ ՀՀ ԱԳՆ-ից դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին: Մոտ կես տարի է՝ Հայաստանից որեւէ պաշտոնյա Բելառուս չի այցելում, Երեւանը Մինսկից իր դեսպանին է հետ կանչել, պատճառն Ադրբեջանում Լուկաշենկոյի հայտարարությունն էր, թե Բելառուսում հավատացել են Ադրբեջանի հաղթանակին եւ աջակցել։ Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին քննարկվում է հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Մյուս կողմից՝ հասկանում են, որ առանց Պուտինի թույլտվության Լուկաշենկոն նման բան չէր ասի։ Ի դեպ, կան լուրեր, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը շատ կոշտ է եղել, չնայած Փաշինյանը փորձել է արդարանալ, որ ԵՄ-ին անդամակցությունը չի նշանակում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, սակայն Պուտինը շատ չոր է խոսել նրա հետ` որ այդ քայլը լավ տեղ չի տանելու Հայաստանը։ Ուստի հնարավոր է` Փաշինյանը Լուկաշենկոյի դեմ կոնկրետ քայլեր չնախաձեռնի, մի քանի լաչառ հայտարարությամբ կսահմանափակվի։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ՔՊ ֆրակցիայում սպասում են Փաշինյանի հետ փակ հանդիպմանը, որ պարզաբանումներ ստանան՝ ինչպե՞ս եղավ, որ ամիսներ առաջ քննարկելիս մեծամասնությունը դեմ է արտահայտվել ՌԴ-ից վերջնականապես պոկվելու, ԵՄ գնալու որոշմանը՝ մատնանշելով տնտեսական հնարավոր հետեւանքները, իսկ այսօր իրենց ստիպում են հավանություն տալ եվրաքվեի նախագծին։
Հիշեցնենք․ 2024-ին ՔՊ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով նման քննարկումներ էին անում, որոնց մասնակցում էին Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ-ն: Ընդ որում՝ մեզ պատմել էին, որ անգամ Արմեն Գրիգորյանն ու նրա կողմնակիցներն են դեմ ԵՄ-ին անդամակցելու հայտին՝ հաշվի առնելով տնտեսական հետեւանքները, բայց Փաշինյանն անսպասելի որոշում կայացրեց` ընդառաջելով հայ արեւմտամետներին։ Դեռ հանդիպման հստակ օր չկա, բայց ՔՊ-ում հույս ունեն, որ մինչեւ փետրվարի 11-ը՝ հաջորդ քառօրյայի մեկնարկը, հանդիպումը կկայանա։
Ի դեպ, մեր աղբյուրի պնդմամբ՝ Փաշինյանը թիմին ասելու է այն, ինչ մտածում է այդ գործընթացի մասին: Այն է՝ ԱԺ-ն հավանություն կտա նախագծին, բայց այն կմնա գզրոցներում, որեւէ այլ գործընթաց, շարունակություն տեղի չի ունենա։ Հիմա էլ, ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է խաբել Արեւմուտքին ու արեւմտամետներին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներթիմային պառակտվածությունը հաղթահարելու համար Նիկոլ Փաշինյանը վերջերս գրեթե սպառնացել է կուսակիցներին, թե՝ մի հատ էլ լսեցի-տեսա, որ իրար դեմ եք աշխատում, միասնական չեք, չեք պրծնի։ Բանն այն է, որ արտաքին աշխարհն այլեւս Փաշինյանի նկատմամբ նախկին վստահությունը չունի, ուստի նա փորձում է ցույց տալ, որ իր թիմը կուռ է, ներիշխանական հեղաշրջումը բացառված է, ընդդիմությունն էլ չի կարող իրեն հեռացնել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ականներն առաջիկայում փորձելու են հրապարակային «ապացույցներ» ներկայացնել, որ համերաշխ, միասնական թիմ են։
Առաջինը Սյունիքի ՔՊ-ականներն էին․ տեղի իշխանականները, միմյանց հետ ունենալով բազում տարաձայնություններ, կիրակի օրը համատեղ լուսանկար էին հրապարակել՝ իբրեւ միասնականության առհավատչյա։ Հիմա հերթը գյումրեցիներինն է: Չնայած հայտնի է, որ Գյումրու ՔՊ կառույցում բառի բուն իմաստով իրար միս են ուտում, տարեվերջին անգամ քաշքշուկ էր եղել մարզպետի եւ քաղաքապետի պաշտոնակատարի միջեւ, բայց երեկ էլ նրանք են ճաշկերույթի նկար հրապարակել։ Տեղեկություն կա, որ առաջիկայում ամենօրյա ռեժիմով իշխանության բոլոր «դասարանների վինետկաներն» են հրապարակվելու, որ ներշնչեն` իրենց դեմ խաղ չկա։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ամբողջ ուժով պատրաստվում է փետրվարի 1-ին մեկնարկող տրանսպորտի նոր համակարգի դեմ պայքարի ալիքին: Փաստը մնում է փաստ, որ բողոքող, բոյկոտող և չվճարող քաղաքացիների ձայնը տեղ է հասել և քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անհայտ է, թե որերորդ անգամ, փոփոխության ենթարկեց տրանսպորտի վճարման նոր համակարգի պայմանները: Հիշեցնենք որ նախկինում այս իշխանությունը, տրանսպորտի գնի դեմ պայքարելով, ընդդիմության դերն էր խաղում, իսկ այժմ ընդդիմությունից իշխանություն դարձածները տրանսպորտի գինը կրկնակի թանկացնում են ու ծաղրում պայքարողներին: Օրինակ՝ Տիգրան Ավինյանի նախընտրական ելույթներում, երբ խոսվում էր տրանսպորտի բարելավման մասին, չէր ասվում, որ 100 դրամանոց գազելին փոխարինման եկած չինական մեքենաները պետք է աշխատեն թանկ փաթեթով։
Նույն ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում չեն դադարում զանգերը և բողոքները տրանսպորտի սակագնի բարձրացման, օգտագործման դժվարությունների մասին։ ՔՊ-ի քաղաքապետը ձախողել է տրանսպորտի նոր սակագնի ներդրման նախագիծը։ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին չի հաջողվում տրանսպորտային կոլապսից դուրս բերել համայն հայության մայրաքաղաքը: Մի կողմից բարեփոխման անվան տակ թանկացնում են ուղեվարձը, մյուս կողմից չեն կարողանում պատշաճ կազմակերպել տրանսպորտի աշխատանքը:
Երեւանի քաղաքացիների դժգոհությունները ի մի բերելով` առանձնացրել ենք հետեւյալ խնդիրները.
1. Ավտոբուսների վարորդները անջատում են մեքենայի GPS համակարգը, և չի երևում օնլայն քարտեզը։ Արդյունքում` քաղաքացիները մնում են կանգառներում սպասելով։
2. Ուղևորները շարունակում են դժգոհել, որ երբ տերմինալներից փորձում են կտրոն գնել, սարքը գումարը քաշում է, իսկ կտրոններն այդպես էլ չի տալիս:
3. Միասնական տոմսային համակարգի 1 կտրոնը նախատեսված է 90 րոպեում սպառելու համար, և անհնար է այդքան սեղմ ժամանակում երթեւեկություն կազմակերպել: Իսկ մնացած փաթեթները մատչելի չեն Երևան եկող մարզային բնակչության համար։
4. Կտրոնների վավերականությունը 4 օրով է, որը ուղղակի թալան են համարում երեւանցիները։ Մարդիկ գուցե հիվանդանում են և գնված տոմսերը չեն օգտագործում: Ստացվում է` վճարում են, տոմս գնում և 4 օր անց՝ դեն նետում դրանք:
5. Իսկ ամենաբարդ խնդիրը վարորդների սակավ թիվն է, որի հետևանքով ավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս, մարդիկ մնում են կանգառներում։
Ահա այն արձանագրությունները, որոնք փաստում են Ավինյանի ձախողման և քաղաքի ոչ ճիշտ պլանավորման մասին»:
«Հրապարակը» գրում է ․Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ: Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: Պարզվում է, որ ավագանու անդամի կոչին «Opel»-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել: Մենք տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Գրիգոր Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն:
«Ով մոտեցել է բոլորին իրավաբանական խորհրդատվություն արվել է մեր իրավաբանի կողմից, ամբողջովին հայցադիմումի շաբլոնները տրվել են, իրենց մնում է անուն-ազգանունները գրել, ստորագրել եւ մուտք անել դատարան։ Հստակ թիվ այս պահի դրությամբ չունենք, բայց իրավական խորհրդատվություն շատ մարդկանց ենք տվել, նաեւ՝ հայցադիմումի ձեւը»,-ասաց Գրիգոր Իսկանդարյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական «Քաղպայմանագրին» մոտ կանգնած` «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել։ ՔՊ-ի շրջապատում ինտելեկտուալ գիտնականներ չկան: Տեղեկացնենք, որ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 թափուր պաշտոն ամիսներ շարունակ դատարակ է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին, ովքեր կքվեարկեն նրանց օգտին:
Դեռեւս 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնական անդամը Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի «թունավոր պաշտոնից» հեռացած Կարեն Անդրեասյանն էր։ Արդյունքում, ՀՀ ամենակարևոր հաստատության կազմում` Բարձրագույն դատական խորհրդում, 3 գիտնական անդամի պաշտոն դատարակ է, ու քաղաքական իշխանությունները գիտնական անդամի կադրային սովի մեջ են հայտնվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներիշխանական կուլիսներում դեռ շարունակում է քննարկվել ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Իջեւանում խոզ խանձելու օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը հանգրվանել է Սեւանի ափին գտնվող կառավարական առանձնատանը, որտեղ ՔՊ-ական կարկառուն մի քանի ներկայացուցիչների հետ «մինի» ժողով է արել: Նախ, ներկուսակցական մի քանի հարցեր քննարկելուց հետո, շոշափել են Անդրանիկ Քոչարյանին անվնաս չեզոքացնելու հարցը: Իշխանականների մի խումբ պնդել է, որ Քոչարյանի հարցը բարձրացվեց, թեժ քննարկվեց, բայց հետեւանքներ չեղան նրա համար․ այդպես էլ անպատիժ մնաց, ինչը ՔՊ վարկանիշի վրա վատ ազդեցություն է ունեցել:
Անդրանիկ Քոչարյանի հետ լարված ՔՊ-ականների այդ խումբը պնդել է, որ Քոչարյանը ոչ միայն պետք է պաշտոնանկ արվի, այլեւ առհասարակ վռնդվի ՔՊ-ից: Ավելին՝ նրանք պնդել են, որ Քոչարյանի հետ պետք է պատժվեն նաեւ նրա մտերիմ ՔՊ-ականները՝ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, որոնց մեղադրում են Անդրանիկ Քոչարյանի համախոհները լինելու համար: Սեւանի առանձնատանը տեղի ունեցած նեղ կազմով քննարկմանը ներկա են եղել Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքը՝ պատգամավոր Վահե Ղալումյանը եւ եղբայրը՝ մարզպետ Հայկ Ղալումյանը, որոնք խոսքի ընթացքում փորձել են պաշտպանել Քոչարյանին՝ ասելով, թե արդեն դասեր է քաղել, խելոքացել է, պետք չէ խիստ պատժել նրան: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ոչ մեկի կողմը «չի բռնել», լսել է բոլորին, բայց կարծիք չի հայտնել․ հավանաբար դեռ երկմտում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի առաջին նվերը, որը հայտարարագրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, տրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթը Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակից Արման Սարգսյանը դեկտեմբերի 28-ին, աշխատանքում դրսևորած նախաձեռնողականության համար, խրախուսվել է և ստացել է նվեր` 171 հազար 997 դրամ արժողությամբ ժամացույց։
Համաձայն նվերի տեխնիկական բնութագրի՝ ժամացույցը պատկանում է «Գնոմոն» տեսակին և 925 հարգի արծաթ է` 25,60 գրամ կշռող, իսկ հետնամասում գրառված է «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե»։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ևս նվեր էր ստացել նույն ժամացույցից՝ 925 հարգի արծաթ, «Գնոմո» տեսակի, որի քաշը կազմել էր 7,23 գրամ, իսկ գոտին բնական կաշվից էր։ Ժամացույցն արժեցել էր 94 հազար դրամ»: