30.01.2025
Փաշինյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելեց «Եռաբլուր»
prev Նախորդ նորություն

ՀՀ զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։ Դրանում ասված է․


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։



Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։ Այսօր մեր զինվորներն ու սպաները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են այդ կարևոր առաքելությունը՝ պաշտպանելով սահմանները և ապահովելով երկրի անվտանգությունը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի պաշտպանել Հայաստանի Հանրապետության անդորրը:


Այսօր երախտագիտությամբ ենք հիշում հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի անկախության և ազատության: Նրանց սխրանքը մշտապես կմնա մեր սրտերում և կոգեշնչի նոր սերունդներին: Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը:


Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:


Սիրելի՛ զինծառայողներ, Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են։ Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա։


Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, միասնություն և նորանոր հաջողություններ մեր երկրի բարգավաճման ճանապարհին:


Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Կանենք ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ. Սիմոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների