25.11.2024
ԱՀ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր
prev Նախորդ նորություն

Քալաձե. Կարեն Կարապետյանի հետ չի քննարկվել աբխազական երկաթգծի բացման հարցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ չի քննարկվել աբխազական երկաթգծի բացման հարցը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, փոխանցում է Грузия Онлайн–ը։

Քալաձեն անդրադարձել է ընդդիմության հայտարարությանը, թե Կարապետյանի Վրաստան այցի ընթացքում քննարկվել է Աբխազիայի տարածքով երկաթգծի վերագործարկման հարցը։

«Ընդդիմությունը շատ հաճախ ստում է։ Այդ հարցը չի քննարկվել։ Նման հարց չի քննարկվել նաև կառավարությունում»,–նշել է նա։

«Ազգային շարժման» ներկայացուցիչները կարծում են, որ աբխազական երկաթգծի վերականգնումը հարցականի տակ է դնում «օկուպացված տարածքների» չճանաչման հարցը, փոխանցում է apsny.ge կայքը։ Ինչ վերաբերվում է Արդբեջանի, որպես Վրաստանի ռազմավարակա դաշնակցի դիրքորոշմանն այդ հարցում, ապա Բաքուն չի ցանկանա, որպեսզի աբխազական երկաթգծի վերագործարկման շնորհիվ Երևանն ուղիղ երկաթգծային կապ ունենա ՌԴ–ի հետ։

Ադրբեջանական փորձագետներն ու խորհրդարանականները միշտ էլ ցավոտ են արձագանքել աբխազական երկաթգծի վերագործարկման ու սպառնացել վերանայել Վրաստանի հետ բոլոր հարաբերությունները, փոխանցում է sputnik-abkhazia.ru կայքը։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով անցած շաբաթ պաշտոնական այցով Վրաստանում էր, հայտարարել էր, որ վրաց գործընկերոջ հետ պայմանավորվել է Վերին Լարսի այլընտրանքի հարցում:

«Եթե ձեզ հետաքրքրում է` լինելո՞ւ է, արդյոք, այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ լինելու է: Մնացածի մասով դեռ փակագծերը չեմ բացի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Կարապետյանը` ընդգծելով, որ վրացական կողմի հետ համաձայնության են եկել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հարցում: