VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանի այցելությունը, կարծես թե, թանկ է արժեցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3 երկրների վարչապետների կողմից թանկարժեք նվերներ է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 358 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է 650 հազար 328 դրամ արժողությամբ սպասք։ Համաձայն նվերների հաշվառման ձևաթղթի՝ թեյի սպասքը կոչվել է «Ձմեռային հեքիաթ»։
«Սպասքը զարդարված է մանրանկարչությամբ՝ բնապատկերներով, հեքիաթային տեսարաններով, տոնական եթերով և զարդանախշերով, որոնք բնորոշ են կայսերական ճենապակյա գործարանի ամենահայտնի նկարիչներից մեկին՝ Ա․Վ․ Վորոբյովսկուն (1906-1992)։ Հեղինակի աշխատանքները ներառված են Պետական «Էրմիտաժի», ռուսական թանգարանի, Կուսկովայի կերամիկայի պետական թանգարանի հավաքածուներում։ Ռուսաստանի Դաշնություն․ «Կայսերական ճենապակու գործարան» ԲԲԸ»: Սպասքը պատրաստված է եղել ոսկրային ճենապակուց և զարդարված է եղել ձեռանկարչությամբ։ Սպասքը ընդհանուր եղել է 20 կտոր՝ 1 թեյնիկ, 1 շաքարաման, 6 թեյի բաժակ, 6 փոքր ափսե, 6 մեծ ափսե։
Նիկոլ Փաշինյանը հաջորդ նվերը ստացել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի կողմից, կրկին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում։ ՀՀ վարչապետը նվեր է ստացել «Իչան կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է պատրաստված արույրից (Латунь): Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ նվերը պատված է եղել 999 հարգի ոսկով և էմալով։ Նկարի շրջանակը ամբողջությամբ պատրաստված է ձեռքով և փայտից է։ Ֆոնը պատրաստված է ալկանտարի կաշվով։ Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 627 հազար 733 դրամ։
Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովի՝ վարչապետի կողմից, կրկին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել կտավ։ Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ ղրղզ վարպետների ստեղծած կտավը պատկերում է Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերը։ Նկարը պատրաստված է բնական ֆետրից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որը դարեր շարունակ օգտագործվել է ղրղզ ժողովրդի ավանդական արհեստներում։ «Արվեստի գործը միավորում է Հայաստանի մշակութային ժառանգությունը և ղրղզ արհեստավորների միությունը՝ ստեղծելով մշակութային ավանդույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի յուրահատուկ խորհրդանիշ», – նշված է նվերների հաշվառման ձեւաթղթում։ Նվերն արժեցել է 80 հազար 185 դրամ։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թանկ է եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն հունվարի 12-ին դատական համակարգը Նիկոլ Փաշինյանի հետ հավաքվելու է՝ նշելու դատական համակարգի օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում քննարկում է եղել մասնակցե՞լ, թե՞ ոչ. արդյունքում շատ դատավորներ ներքին քննարկման ժամանակ կարծիք են հայտնել, որ չնայած Փաշինյանի իշխանության կողմից դատական համակարգը թիրախավորելու դրսեւորումներին պետք է մասնակցել, քանի որ դա իրենց օրն է, ոչ թե Փաշինյանի։ Ու, չնայած 2019 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել, դատավորները նրա հետ կնշեն դատարանների օրը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 4-ին ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը անձամբ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին, ու նրանք քննարկել էին միջոցառմանը նրա մասնակցության հարցը։ Մեզ մնում է սպասել. ի վերջո Փաշինյանը դեմ առ դեմ դատավորների հետ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Պետբյուջեից ամեն տարի հսկայական գումար՝ շուրջ 1.5 մլն դոլար է հատկացվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայր հանդիսացող կառավարական առանձնատների պահպանության ծախսերի համար։ «Ժողովուրդ» օրաթերթը Պետական գնումների armeps.am հարթակում հրապարակված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է շուրջ 602 միլիոն 979 հազար դրամ (շուրջ 1.5 մլն դոլար): «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ ծառայողական առանձնատունը տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին ու Սահմանադրական դատարանի նախագահին։
Բայց հետհեղափոխական Հայաստանում պարզվում է, սակայն, կան դեպքեր, որ պաշտոնյաները չեն էլ բնակվում իրենց հատկացված կառավարական առանձնատանը, սակայն դրա սպասարկման համար մեծ թվեր են հատկացվում հպարտ հարկատուների վճարած հարկերից: «Ժողովուրդ» օրաթերթին հավաստի լուրեր հասան այն մասին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում տևական ժամանակ է, ինչ միայն ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ ինքը պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, առանձին բնակվում է հեղափոխությունից հետո գնված, իր ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատանը։ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հրապարակած ընտանեկան լուսանկարներից էլ նկատում ենք, որ դրանք հիմնականում կառավարական առանձնատնից են արված, և այնտեղ միայն Մարիամ Մարգարյանն ու երեխաներն են:
Անգամ Ալեն Սիմոնյանի ծննդյան օրը Մարիամ Մարգարյանը լուսանկար էր հրապարակել կառավարական իրենց առանձնատնից՝ դստեր հետ, բայց Ալեն Սիմոնյանն այնտեղ չէր: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանից հետաքրքրվեց՝ որքան ժամանակ է, որ Ալեն Սիմոնյանը չի բնակվում բարձրաստիճան պաշտոնյային հատկացված կառավարական առանձնատանը, այլ այնտեղ միայն նրա կինն ու երեխաներն են: Մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ Ալեն Սիմոնյանը հիմնականում Կառավարական առանձնատանն է բնակվում, բայց երբեմն կարող է պատահել, որ գտնվի նաև Ջրվեժի առանձնատանը, որտեղ նրա մայրն է նաև ապրում։
Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից տեղեկանում է, որ Ալեն Սիմոնյանի մայրը բնակվում է Կենտրոնում՝ Աբովյան 62 ա հասցեում, մյուս որդու՝ Կառլեն Սիմոնյանի հետ: Իսկ Ալեն Սիմոնյանի հարևանները «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են հավաստիացնել, որ նա բնակվում է Ջրվեժի առանձնատանը, և դա նկատելի է, քանի որ ամեն օր նրա թիկնազորը այնտեղից է ԱԺ նախագահին ուղեկցում աշխատանքի (լուսանկարները մեր ձեռքում են)։ Նկատենք, որ փաստացի ՀՀ պետբյուջեից ահռելի հատկացում է արվում Ալեն Սիմոնյանի կնոջ և երեխաների համար, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ ամառանոցը պետք է ծառայի բացառապես պաշտոնյային․ նրա համար է հատկացված: Սա երկրորդ արձանագրումն է, որ Ալեն Սիմոնյանը պետականն ու սեփականը իրար է խառնել: Նրա օգնական-խորհրդականն էլ կնոջ հետ է ԱՄՆ գործուղվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊՆ աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են, որ հայտնվել են խնդրի առջև, ու Նիկոլ Փաշինյանի «կացինը» հասել է շարքային աշխատակիցներին։ Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է։ 80-90%–ը կացնով կկտրեմ»։ Եվ ահա այս «կացնի հարվածների» տակ են հայտնվել շարքային աշխատակիցները։ Մասնավորապես, ՊՆ մի շարք աշխատակիցներ են ահազանգել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու հայտնել, որ ՊՆ ղեկավար կազմը երեկ հայտարարել է ՊՆ ավտոբուսները, որոնք Նախարարության աշխատակիցներին ՀՀ կոնկրետ տարածքներից վերցրել ու անվճար տեղափոխել են նախարարություն, այլեւս չեն լինելու։
Տվյալ ծառայությունը չի գործելու, և ավտոբուսներն այսուհետև չեն սպասարկելու ՊՆ աշխատակիցներին։ Ավելին զգուշացրել են այսօր առավոտյան ով ուշանա, թող համարի, որ աշխատանքից ազատված է։ Աշխատակիցները ահազանգում են, որ նախարարության շենք որեւէ տրանսպորտային միջոց չի գնում, ու իրենք այս կտրուկ որոշման արդյունքում հայտնվել են փաստի առջև. նրանք ՊՆ շենքում վրդովված ասել են, որ քաղաքական վերնախավի վոյաժները թողել ընկել են պաշտպանության բանակի աշխատակիցների հետևից։ Աշխատակիցների ահազանգի հետքերով «Ժողովուրդ»-ը դիմեց ՊՆ, որտեղից խոստացան պատասխանել մեզ ավելի ուշ։ Կսպասենք ՊՆ-ի պատասխանին»: