Ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանին վերաբերող քրեական վարույթով նախաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն նախաձեռնվել է «Հետքի» հրապարակման հիման վրա 2023-ի հուլիսին, գրում է Hetq-ը:
Ընդ որում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը 1980-ականներից աշխատել է մաքսային ու հարկային մարմիններում, իսկ 2014-2016 թթ. եղել է ֆինանսների փոխնախարար, 2016-ի մարտ-հոկտեմբերին էլ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ, ներգրավված է միանգամից 3 քրեական վարույթներում, որոնցից մեկը, ինչպես ասվեց, «Հետքի» հրապարակման հիման վրա է նախաձեռնվել:
2018-ի նոյեմբերին գրել էինք Դուբայում անշարժ գույք ձեռք բերած հայ պաշտոնյաների ու գործարարների, այդ թվում՝ Արթուր Աֆրիկյանի մասին: Նշել էինք, որ վերջինս 7 միավոր անշարժ գույք է գնել Դուբայում, որոնցից 2-ը հետո վաճառել է:
Հետագայում պարզել էինք, որ նախկին պաշտոնյայի արաբական գույքի չափն ավելի մեծ է. պաշտոնյան ունեցել է ոչ թե 5 (վաճառածները չհաշված), այլ 9 բնակարան: Ավելին՝ մեր առաջին հրապարակումից հետո պարզել էինք, որ Աֆրիկյանի բոլոր 9 տները գրանցվել են նրա կնոջ՝ Ալվարդ Մովսեսյանի անունով, որն էլ օտարել է դրանք:
2023-ի հուլիսին գրել էինք, որ օտարված 9 բնակարանների շուկայական ընդհանուր արժեքն այդ պահին շուրջ 4 մլն դոլար էր:
Օտարվածներից 2-ը, սակայն, գրանցվել էին Հովհաննես Կոբալյանի անունով, որն աշխատում է Դուբայի անշարժ գույքի ոլորտում, ինչպես նաեւ սերտ առնչություն ունի Աֆրիկյան-Մովսեսյան զույգի հետ: Բավական է ասել, որ մեր ձեռքի տակ եղած հին ու նոր տվյալներում հենց նրա էլեկտրոնային փոստն է նշված թե՛ Աֆրիկյանի, թե՛ Մովսեսյանի կոնտակտների մեջ: Կարելի է ենթադրել, որ Հ. Կոբալյանը առնչություն է ունեցել Արթուր Աֆրիկյանի անշարժ գույքի գործարքներին եւ գույքի կառավարմանը:
2023-ի ամռանը գրել էինք, որ օտարված 9 բնակարաններից զատ Ալվարդ Մովսեսյանի անունով գրանցված է 2 բնակարան Palm Jumeirah արհեստական կղզում, ինչպես նաեւ 2 խանութ Դուբայ Մարինա շրջանում:
«Հետքի» այս երկրորդ հրապարակումն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազությունում, ապա ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ նույն ամսում քրեական վարույթ էր նախաձեռնվել փողերի լվացման հոդվածով, ավելի կոնկրետ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով: Այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (2-րդ կետ) կամ առանձնապես խոշոր չափերով (3-րդ կետ), պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: ՔՕ 296-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող գումարը:
Հետագայում ՔԿ-ից վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Ընդ որում՝ մինչ օրս, ըստ Գլխավոր դատախազության, վարույթի շրջանակներում որեւէ անձ ներգրավված չէ որպես մեղադրյալ:
Նկատենք նաեւ, որ Ա. Աֆրիկյանն ու նրա ընտանիքի անդամները՝ կինը, դուստրը (Դիանա Աֆրիկյան), նախորդ տարվա օգոստոսին հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող եւ բռնագանձման ենթակա իրենց գույքի վերաբերյալ գործին: Մանրամասներ Գլխավոր դատախազությունը չէր հայտնել:
Ինչպես ասվեց, Արթուր Աֆրիկյանն անցնում է եւս երկու վարույթով:
Դրանցից մեկը նախաձեռնվել է 2017 թ. ապրիլին, եւ այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում, մյուսը նախաձեռնվել է 2019 թ. փետրվարին ԱԱԾ-ի կողմից, իսկ ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեին (այս վերջինը էլեկտրոնային կողպեքների գործն է, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ):
Երկու դեպքում էլ Աֆրիկյանը մեղադրյալ է ներգրավվել նախկին (2003 թ. ընդունված) Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է 2-6 տարի ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով):
Սակայն Աֆրիկյանը 2018-ի հունիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հեռացել է երկրից, եւ ըստ «Հետքի» տվյալների՝ մեկնել է ԱՄՆ: Նրա հանդեպ վերոնշյալ երկու քրեական վարույթներով հայտարարվել է միջազգային հետախուզում, խափանման միջոց է ընտրված կալանավորումը: