10.02.2025
Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրապնդել իր հանցավոր թիմը
prev Նախորդ նորություն

ՔՊ-ականները սարսափած հեռախոսները փոխում են. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում: Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։


Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել եւ ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել` մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել։ Աղազարյանի դեպքում էլ նման լուրեր կան, որ անգամ հեռացված խոսակցություններն են վերականգնել, որ ինչքան հնարավոր է՝ շատ նյութ ունենան` կուսակցությունից հեռացնելու համար:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել` Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն եւ այսուհետ ծպտուն չհանեն` վախենան նույնիսկ լրագրողներին բարեւելուց եւ Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։ Նիստում Աղազարյանին մեղադրել են նախեւառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեեւ ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ` Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել եւ բարձրաձայն վրդովված խոսելով` հեռացել։


Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից եւ խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, եւ բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։ Երեկ նա ամբիոնից խոստովանեց. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական եւ այլ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ այդ նպատակին հասնելու համար»։ Ի դեպ, երեկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքում նյարդային էր պահել իրեն լրագրողներից մեկի նկատմամբ, միջադեպից քիչ անց լրագրողի մոտ էր շտապել ԱԺ նախագահը եւ առաջարկել բողոք գրել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կողմից բացահայտված մանր եղջերավորներին առնչվող կոռուպցիոն սկանդալը չի ներում Հովիկ Աղազարյանը. քեն է պահում, մերժում հարցազրույցներ տալ մեզ, իսկ երեկ էլի վիրավորեց մեր լրագրողին: ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին եւ օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հետաքրքրվել` «Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը: Գլուխը պատին է տվել, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք»։ Իհարկե, վստահ ենք, որ եթե Աղազարյանը հեռացված չլիներ կուսակցությունից, Ալեն Սիմոնյանը նման պատրաստակամ առաջարկով մեզ չէր մոտենա, եւ ՔՊ-ական պատգամավորը կմնար անպատիժ: 


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին նույն Հովիկ Աղազարյանը վիրավորել էր նաեւ մեր մյուս լրագրողին՝ Քնար Մանուկյանին, բայց ՔՊ-ականները որեւէ կերպ չդատապարտեցին, իսկ Ալեն Սիմոնյանն էլ չմոտեցավ ու չասաց՝ գլուխը պատին է տվել: Ավելին` անգամ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը զրկեց հավատարմագրից՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին վերջինիս համար անցանկալի՝ թմրանյութեր օգտագործելուն առնչվող հարցեր տալու համար: Նույն Ալեն Սիմոնյանը այս դեպքում նույնպիսի հոգատարություն չդրսեւորեց: Բայց հիմա ՔՊ-ականները վճռականորեն ամեն կերպ ցանկանում են պատժել Աղազարյանին: Հ. Գ. Աղազարյանին պատժելու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի դիմումն արդեն ԱԺ նախագահի սեղանին է. մենք, ինչպես միշտ, մեր իրավունքների համար պայքարի բոլոր գործիքներից օգտվում ենք»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված աղմուկը, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել հօգուտ իրեն: Բանն այն է, որ, քպական մեր աղբյուրի փոխանցմամբ, Աղազարյանի հրաժարվելը՝ կատարել իր «շեֆի» հորդորը, ավելի շատ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նախ ցանկանում է ցույց տալ, թե ՔՊ-ն ոչ թե ԽՄԿԿ է, ինչպես նշում են բազմաթիվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, այլ «դեմոկրատիայի բաստիոն», որտեղ որևէ կուսակցական կարող է իր ասածը չանել: Մյուս կողմից՝ այդպիսով հնարավորություն կտրվեր Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից և բարձրաձայնել «պատճառները»: Դեռ մի կողմ, որ առնվազն տարակուսելի է, որ «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքը» պատժվում է միայն կուսակցությունից հեռացմամբ: Այստեղ Փաշինյանի համար մեկ այլ էական հանգամանք կա. նա փաստացի մեկ անգամ ևս իր բոլոր թիմակիցներին ցույց տվեց, որ ինքը բոլորի վրա «դոսյեներ» ունի, որոնք ցանկացած պահին կարող են կիրառվել, եթե որևէ մեկը «խելոք չմնա»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեռեւս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։ Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռեւս չկա: Նախարարությունից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ: ԱՆ խոսնակը նախ զարմացավ մեր հարցից․ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի»: Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռեւս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարի նոր տեղակալ Արմեն Մկրտչյանը 3 բնակարան է հայտարարագրել։ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդը ներքին գործերի նախարարությունում փորձում է վերականգնել նոր նախարար Արփինե Սարգսյանը։ Արմեն Մկրտչյանը համակարգում նոր չէ: Մինչ ՆԳ նախարարի տեղակալ դառնալը Մկրտչյանը զբաղեցրել է ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ եղել է ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը եւ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր ներկայացրել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնեական պարտականությունների դրությամբ։


Համաձայն 2023 թվականի հայտարարագրի՝ Մկրտչյանը տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Արմեն Մկրտչյանը հայտարարագրել է եւս 1 բնակարան, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Այժմ ՆԳ նախարարի տեղակալը ունի մեկ տրանսպորտային միջոց՝ 2021 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենա։ Պաշտոնը դադարեցնելու պահին Արմեն Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 570 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։ Համեմատելով 2022 թվականին Մկրտչյանի ներկայացրած հայտարարագրի ֆինանսական տվյալները 2023 թվականին ներկայացրած ֆինանսների հետ՝ կարող ենք ասել, որ մեկ տարում դրանք զգալիորեն ավելացել են։ Օրինակ՝ բանկային հաշիվների մնացորդն ավելացել է գրեթե 300 հազար դրամով, կանխիկ դրամական միջոցները պակասել են 100 հազար դրամով։ 


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված 2023 թվականի հայտարարագիրը պաշտոնը դադարեցնելու պահի դրությամբ առկա ֆինանսական միջոցներն է ներկայացնում, բացարձակ համեմատությունը տեղին չէ։ Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 370 հազար դրամ, որից 6 մլն 358 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ոստիկանությունից, իսկ 62 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 13 մլն 881 հազար դրամ, որից 12 մլն 281 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար Մկրտչյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 950 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է եղել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական բարձրաստիճան պաշտոնները լրացվում են ՀՀ դատախազության կադրերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներից մեկը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրահանգով պաշտոնից ազատված դատախազ է: Ինչպես հայտնի է, երկու թեկնածու կա սահմանադրական այդ կարեւորագույն անկախ մարմնի անդամի համար: Արմեն Մարուխյանի եւ Նարինե Ազարյանի թեկնածությունները մրցութային խորհրդի որոշման հիման վրա առաջարկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում:


Իսկ ովքեր են նրանք. ամենեւին՝ ոչ պատահական մարդիկ: Այս տարվա մայիսի 3-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում, երբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տարեկան հաշվետվությունն էր ներկայացնում, պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանի գործով, դատախազը պատասխանեց, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մինչդեռ Աշոտյանի փաստաբանները հայտարարեցին, որ դա զրպարտություն է, որ դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որեւէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը եւ ո՛չ էլ որեւէ այլ մեղադրյալ որեւէ «վնաս» չեն «վերականգնել», որովհետեւ պաշտպանող կողմը գործը համարում է շինծու եւ չի ընդունում մեղադրանքը:


ArmLur.am-ը բացահայտեց, որ այս բարձրաձայնումներից հետո Աննա Վարդապետյանը, վերադառնալով աշխատանքի, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին հրահանգել էր ազատման դիմում գրել ու հեռանալ: Եվ հիմա այդ պաշտոնյան՝ Արմեն Մարուխյանը, ցանկանում է գնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: 


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մրցույթին բավականին պրոֆեսինոալ մասնակիցներ են եղել: Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին օգնական Արսեն Մանուկյանը, սակայն նա չի հաղթահարել մրցույթը, ու այս հանգամանքը շատ կասկածելի է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար, քանի որ նա բավականին պատրաստված է ներկայացել: Բայց պրոֆեսիոնալների մերժումն ու հնարավոր կառավարելի մարդկանց ներգրավումը անկախ մարմնում միայն մի բանի մասին է վկայում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի իշխանությունը փորձում է դարձնել Կառավարությանը կից մի կառավարելի վարչություն՝ կառավարելի կադրերով, որպեսզի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը կարողանա հետագայում հեշտությամբ անդամների կողմից հանձնաժողովի նախագահ ընտրվել: Հավելենք, որ ըստ մամուլի` Մարիամ Գալստյանը ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մտերիմ ընկերուհին է: Մինչդեռ թեկնածուն պետք է բոլորին անծանոթ եւ անձնական կապեր չունեցող կերպար լինի»:


«Հրապարակը» գրում է․ Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր էջում մի տեսանյութ էր տեղադրել, որտեղ թղթի վրա ինչ-որ բան էր ջնջում, որը մակագրել էր. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը»: Լուրեր տարածվեցին, որ մեծ թվով «պադավատներ» են կրճատվելու, շատ պաշտոնյաներ զրկվելու են ծառայողական մեքենաներից, շատ վարորդներ գործազուրկ են դառնալու: Տեղեկացանք, որ հաջորդ օրերին, իսկապես, մեծ թվով պաշտոնյաների` փոխնախարարներ, ծառայությունների ղեկավարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ, ասել են` ոտքով պետք է գնաք տուն եւ գաք աշխատանքի:


Բայց ասվել է, որ մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ գարաժներում են կանգնելու, որ գործով տեղ գնալիս դրանցից կարող են օգտվել, իսկ աշխատանքի գալ-գնալ չեն կարող: Հաջորդ օրերին արդեն որոշ պաշտոնյաների թույլատրել են օգտվել «պադավատներից»: Ինչպես շատ հարցերում, այս հարցում էլ անորոշություն է ու խառնաշփոթ` ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում եւ ինչ է անում որոշումներ կայացնող անձը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու յուր տիկինը հերթով «ավետեցին» հանրությանը, թե բա՝ այսքան ու այսքան դիտումներ, «կիսումներ» ունեն տարբեր սոցցանցերում, այսքան ու այսքան «հավանումներ»: Աննա Հակոբյանը՝ դեռ մի կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում ստացվում է, որ երկրի ղեկավար համարվող անձը լրիվ «տիկտոկեր» ու «բլոգեր» է դարձել: «Բլոգեր-ղեկավար», էլի:

Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում»: Այսինքն, թե՝ վարկանիշներն իբր աճում է, իրենց հանդեպ հետաքրքրությունն իբր աճում է: Դե, տոլմայի-բանի հաշվին: Մի ժամանակ գոնե «100 փաստ» էր նշում, որոնց մեծ մասն, իհարկե, փաստեր չէին, կամ կեղծ էին, բայց հիմա արդեն լրիվ «տիկ-տոկ» վիճակ է: Թե բա՝ այսքան ու այսքան հազար դիտում ու հավանում է եղել: Ուրեմն՝ այդքան զոհ տվեցինք իրենց պատճառով, ուրեմն՝ 12 հազար քառակուսի կիլոմետր թուրքին են տվել, ուրեմն՝ հերթով զիջում են ու զիջում, դա... հեչ:

Կարևորը՝ «Տիկ-տոկում» կամ «Ֆեյսբուքում» «լայքեր» ու «շեյրեր» ունեն: Ինչպիսի կարևորագույն, խոշորագույն ձեռքբերում: Ի դեպ, տեսնես Փաշինյանի սոցցանցային էջերում «մոնետիզացիան» (այսինքն՝ հավանումներին համապատասխան՝ գումար ստանալու մեխանիզմը) գոնե միացրա՞ծ է: Չէ՞ որ նրա համար դա թիվ երկու արժեքն է: Դե, իշխանությունից, աթոռից, պաշտոնից հետո:

Ի դեպ, «տիկտոկեր» Փաշինյանին կարելի է հուշել, որ եթե ուղիղ եթերում հրաժարական տա՝ այլևս երբեք պետության կառավարմանը թնդանոթի կրակոցի հեռավորությամբ չմոտենալու պայմանով, հաստատապես «հավանումների» ու «կիսումների» թվով այդ եթերը կգերազանցի մինչև այժմ ունեցածներին՝ միասին վերցրած: Աշխարհի շատ հայտնիներ կնախանձեին այդպիսի դիտումներին, «կիսումներին», առավել ևս՝ հավանումներին:

Հայացք ներսից. Վրաստանի բողոքի ցույցերը մասնակիցների և նրանց հակառակորդների աչքերով
Հաջորդ նորություն next