Մի շարք մասնագիտական աշխատանքների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ
Կառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով առկա են մասնագիտական բնույթի մի շարք աշխատանքներ եւ ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռեւս թույլատրված է: Բացի այդ, նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի եւ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից: Օրինակ` «շենքերի շինարարություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2,4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ «իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 3,2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:
Նախագծով առաջարկվում է շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, ճարտարապետական եւ ճարտարագիտական գործունեություն, գովազդային գործունեությունը եւ շուկայի իրավիճակի հետազոտություն եւ մի շարք այլ մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ Կառավարությունը սահմանել է 2025 թվականի հուլիսի 1-ը:
Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ անձանց հետ, հարցի առնչությամբ անցկացվել են նաեւ խորհրդարանական լսումներ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կենթարկվի մի շարք փոփոխությունների:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: