Կառավարությունը սահմանում է թանգարանային բացառիկ արժեքավոր հավաքածուների ընտրության կարգը
Հայաստանի կառավարությունն առաջարկում է հաստատել թանգարանային առարկաներն ու հավաքածուները Հայաստանի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը։
Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։Այս նախաձեռնությունը, համաձայն «Թանգարանների մասին» օրենքի, նպատակ ունի մշակութային ժառանգության արդյունավետ պահպանություն, հանրայնացում և իրավական պաշտպանություն ապահովել։ Նախագիծը սահմանում է չափորոշիչներ, որոնց հիման վրա թանգարանային առարկաները կգնահատվեն։ Դրանք ներառում են պատմական, մշակութային, գիտական կամ գեղարվեստական նշանակություն ունեցող նմուշներ, այդ թվում՝ հնագույն քաղաքակրթության արտեֆակտներ, մշակութային և կրոնական կարևորության առարկաներ, պատմական փաստաթղթեր և եզակի նմուշներ, հնագիտական գտածոներ, ձեռագրեր, հազվագյուտ գրքեր, երաժշտական գործիքներ, ազգագրական նյութեր։
Թանգարանները տարեկան կներկայացնեն հայտեր, որոնք կքննարկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Առանձնակի արժեքավոր առարկաների ցուցակները կհաստատվեն կառավարության որոշմամբ։ Այս որոշումը կօգնի ապահովել մշակութային ժառանգության պահպանությունը, վերացնել մշակութային արժեքների ապօրինի առևտուրը, ինչպես նաև թանգարանային հավաքածուների գիտական և կրթական օգտագործման նոր հնարավորություններ կստեղծի, հաղորդում է Արմենպրեսը։