24.11.2024
Նալբանդյանը հանդիպել է Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ֆինանսական կրիզիս է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«ժամանակ» թերթը գրում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում ֆինանսական լուրջ խնդիրներ կան։ Մինչ օրս նրանք չեն վճարել նախընտրական շտաբերի համար վարձակալած տարածքների համար։ Մարզային շատ գրասենյակներ, որոնք բացվել էին, փակվել են։ Նախկինում դաշինքին ֆինանսապես օգնում էր Սեյրան Օհանյանը, բայց ոչ առատաձեռնությամբ։ Այժմ ֆինանսական հարցերով զբաղվում է Սամվել Բաբայանը, սակայն նա էլ առանձնապես առատաձեռն չի։ Քաղաքական մասով որոշումը կայացնում է Անդրանիկ Թևանյանը»։

«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում կայանալու է Երկրապահ կամավորականների միության համագումարը, որին «Փաստի» տեղեկություններով, ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարը ԵԿՄ նոր վարչություն է ընտրելու, որի կազմում չեն լինի ԵԿՄ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքին միացած Իշխան Զաքարյանը, ընդդիմադիր դարձած ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երեկվա դրությամբ նրանց հրավեր ուղարկված չէր:

ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց. «Սեյրան Օհանյանն ու Վարդան Ղուկասյանը հիմա ԵԿՄ վարչության անդամ չեն, 2014 թ.–ին անցկացված համագումարում իրենք չեն ընտրվել վարչության կազմում: Իշխան Զաքարյանը ունի մանդատ և եթե ցանկանում է, կարող է մասնակցել»: Հնարավո՞ր է Սեյրան Օհանյանը հեռացվի ԵԿՄ–ից` հարցին, ԵԿՄ խոսնակը պատասխանեց. «Չկա դեպք, որ մեկը հայացքների համար հեռացված լինի ԵԿՄ–ից: ԵԿՄ–ից հեռացվում են կանոնադրական խախտումների և հայրենիքի դավաճանության համար: Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը նման բան թույլ չի տվել»: ԵԿՄ համագումարը բանաձև է ընդունելու առաջիկա ընտրություններում ՀՀԿ–ին սատարելու մասին»:

«Ընդունվելու է հայտարարություն, որում գնահատականներ կլինեն երկրում առկա բոլոր կարևոր պրոցեսներին: Իհարկե նաև անդրադարձ կլինի ընտրություններին»,– ասաց խոսնակը:

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Բաղրամյան 26-ում է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Միհրան Պողոսյանը նախագահականից դուրս է եկել բարձր տրամադրությամբ։ Ամենայն հավանականությամբ, ԴԱՀԿ նախկին պետի այցը նախագահական անմիջական կապ ունի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ։ Ուշագրավ է նաև այն, որ քաղաքական տարբեր շրջանակներում ակտիվացել են խոսակցությունները, թե թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայր Ղուկաս Ուլիխանյանը և Տարոն Մարգարյանի աներորդին, Միհրան Պողոսյանն է լինելու անցողիկ թեկնածուն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ ներսում դժգոհությունները հասել են գագաթնակետին: Պատճառը ընտրացուցակներն են, որտեղ ոչ բոլորի ակնկալիքներն են բավարարվել, և շատերի անունը համամասնական ցուցակում հայտնվել է այնպիսի տեղերում, որտեղ նրանք ամենավատ երազում անգամ չէին սպասում` հաշվի առնելով հարազատ կուսակցությանն այս տարիներին մատուցած ծառայությունները: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, սպասվում է, որ իրավիճակը շատ ավելի կլարվի նախընտրական քարոզչության ժամանակ և հենց քվեարկությունների օրը:

Բանն այն է, որ ռեյտինգային ցուցակներում առաջադրված թեկնածուներից ոչ բոլորը կկարողանան պահել պայմանավորվածություններն ու չմտնել իրենց գործընկերոջ տարածք. օրինակ` թեև Երևանի թիվ 1 ընտրատարածքում Միհրան Պողոսյանը պետք է գործի և ՀՀԿ-ի համար ձայներ հավաքի Զեյթունում, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանում, նրանք արդեն մտել են մրցակցի տարածք: Նույնը նաև թիվ 2 ընտրատարածքում, երբ Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հավակնում է ձայներ ստանալ ոչ միայն Արաբկիրում, այլև Դավթաշենում, թեև այն «տրվել է» Արթուր Գևորգյանին: Այդպես է նաև մյուս ընտրատարածքներում, այդ թվում` մարզային ընտրատարածքներում: Ու հիմա նրանց միջև մրցակցությունն ու լարվածությունը գնալով միայն ավելանում է»:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» դաշինքն ի սկզբանե մտահղացվել էր որպես լուրջ կուսակցությունների եւ մտավորական սերուցքի, քաղաքական փորձագետների կոնգլոմերատ, որից ապագայում հնարավոր լիներ նույնքան լուրջ կուսակցության պլատֆորմ կերտել: Սակայն իշխանություններին չափազանց զարմացրել է այս դաշինքի առաջին քայլերից մեկը, որով թիվ մեկ ռեյտինգային թեկնածու է հռչակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: ԲՀԿ-ից ասում են, որ դա Իշխան Զաքարյանի «ձեռքի գործն» է, նա է առաջարկել Վարդանիկին անմահանալ իրենց ցուցակում։ «Գործից տեղյակներն» էլ պնդում են, որ դա եղել է Հովիկ Աբրահամյանի «իդեֆիքսը», որ Վարդանիկը հայտնվի պառլամենտում` խոսի որքան ուզի, ում մասին ուզի, ինչքան ուզի` վասն Արգամիչի»:

Ամասիայի տարածաշրջանից «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել և պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար: Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ, կաթնամթերքի գործարան ու աշխատողներ ունի: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջաններում աշխատել ու Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել:

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- այս լուրը մեկնաբանելով՝ ընդամենն ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Իհարկե, իշխանությունները Գագիկ Խաչատրյանին չեն առաջարկել կուսակցության ո՛չ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել, բայց նա այդ տարածաշրջանում նախկին պատգամավոր և նորից ցուցակից դուրս մնացած Աշոտ Աղաբաբյանի նման պետք է փորձի ՀՀԿ-ի համար ձայներ բերել: Նա նաև այդ գործերը կազմակերպելու համար պետք է ծախսի սեփական, այսինքն՝ նախկինում արտոնյալ վիճակներում գտնված իր բիզնեսներով աշխատած միջոցները, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանային գծում տեխնիկական միջոցներ տեղադրելու ժամանակ:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու Է մարտին։ Դժվար Է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսումները, բայց դրանք վտանգավոր են։ Ապրիլին քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն Էլ այն Էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ Է լինելու։ Արդյո՞ք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, և եթե կրկին նման սպասում Է ձևավորվել, նշանակո՞ւմ Է դա արդյոք, որ այն կիրականանա։ Ցավոք, այս պահին առկա բազմաթիվ գործոններ խոսում են պատերազմի հավանականության օգտին»,–գրում է թերթը։