24.11.2024
ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը հանդիպել է Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նախօրեին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը հայտարարություն են տարածել։ Հանդիպումը արտգործնախարարների հետ կայացել է և առանձին, և երկուսի հետ միասին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Համանախագահները վերահաստատել են, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և պատերազմը ճանապարհ չէ։ Նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել, ինչպես նաև իրենց հանրային ելույթներում հանրությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի։ Համանախագահները կողմերին նաև կոչ են արել խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագիրը, որը ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքն է:

Համանախագահները կողմերին հիշեցրել են 2011-ի մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն նոր տառապանքներ ու ավերածություններ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
Համանախագահները մտքեր են փոխանակել 2016-ին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչը նպատակ ունի կայունացնել իրավիճակը շփման գծում։

Համանախագահները նախարարների հետ հանդիպմանը ընդգծել են, որ անհրաժեշտ է մեծ ճկունություն ցուցաբերել ու վերականգնել համընդգրկուն բանակցություները՝ հակամարտության երկարատեւ լուծմանը որքան հնարավոր է շուտ հասնելու համար։

Համանախագահները ընդունում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու վերջին որոշումը օգտակար եւ մարդասիրական ժեստ էր:

Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խստորեն հետեւել իրենց միջազգային հումանիտար պարտավորություններին:

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին: «Համանախագահները տեղյակ են, որ, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղում անցկացնել 2017 թվականի փետրվարի 20-ին: Թեեւ համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները սահմանադրական հանրաքվեն դիտարկում են որպես հանրային կյանքի կազմակերպման ձեւ, նրանք ընդգծում են, որ ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն»,-ասված է հայտարարությունում:

Ըստ այդմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող: Նրանք ընդգծել են, որ այդ արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքը, որը կարող է բերել հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորման:

Նշվում է, որ համանախագահները մարտին կայցելեն տարածաշրջան։