4.12.2024
Պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Քննչականներում կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ կստեղծվի

Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով:


Վերոնշյալ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում, վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ընթացակարգային անհստակությունների:


Խնդրի լուծման նպատակով Կառավարությունն առաջարկում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների համար սահմանել կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը նոյեմբերի 11-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ՝ ներկայացնելով ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:


Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորման նպատակը, նշել է, որ առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի ղեկավարների ու տեղակալների կարգապահական վարույթներն իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Պատգամավորը լիահույս է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի այդ կարողությունները ու կկարողանա իրականացնել արդար քննություն: Հարակից զեկուցողն առաջարկել է հանձնաժողովին դրական եզրակացություն տալ օրենսդրական փաթեթին, սակայն մեկ դիտարկմամբ, որպեսզի դատախազին ու նրա տեղակալներինը եւս ներառվի փաթեթում՝ մեկ միասնական մոտեցումը պահելու նպատակով:


Հանձնաժողովը դրական եզրակացության է արժանացրել օրենսդրական փաթեթը:


Երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տրվել նաեւ Կառավարության հեղինակած «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծին: