21.11.2024
Ալիևը շարունակում է Արևմուտքի հետևողական «դեմոնիզացիայի» գործընթացը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ սպասել Բագրատ Սրբազանից. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի վերադարձին. դեռևս անցած հինգշաբթի Սրբազան պայքարի տելեգրամյան հարթակը հայտնեց, որ Սրբազանը երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժզննման նպատակով։ Մենք տեղեկացրել էինք, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել, և քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումներ են նախատեսվում։


Սրբազանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու այսօր, և առաջիկա օրերին թերևս պարզ կդառնա՝ արդյոք շարժումը ստացե՞լ է արտաքին աջակցություն, և ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներն ի՞նչ դիրքորոշում ունեն՝ շարժման ճակատագրի հետ կապված, թե՞ Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է բոլորին, և նրան շարունակելու են ամեն կողմից ամուր պահել իր աթոռին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում հանցավոր սխեմայի թերևս ամենաառանցքային դրվագը հետևյալն է, որը փոխում է հարցի ողջ արժեքը:


«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վահե Հովիկի Աղազարյանը իր «գործունեության» ընթացքում եղել է նաև պաշտոնատար անձ, այն էլ՝ ՊԵԿ մաքսային հատվածի։ Եվ այդ գործը թերևս պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե նրան հետին թվով ազատել են աշխատանքից, գուցե՝ ոչ. ճշտել չհաջողվեց: Սակայն Վահե Աղազարյանի արդեն հայտնի քրեական հոդվածին եթե գումարվի պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահումը, ուրեմն արդար քննության դեպքում նրա հայրը, օգտվելով պատգամավորական մանդատի դեռևս առկա հնարավորություններից, պետք է կալանավայր գնա՝ որդուն այցելության:


Մենք կհետևենք զարգացումներին:


Հիշեցնենք, որ պատգամավոր Աղազարյանը հայտարարել էր, որ տեղեկանալով օրենքի բացի մասին՝ իր որդուն խորհուրդ է տվել մեքենաներ ներկրել Հայաստան և ստանալ ԱԱՀ-ն պետությունից, և դրա համար հիմա քրեական գործով է անցնում՝ պետությանը վնաս տալու հատկանիշով:


Իսկ Աղազարյանը, իմանալով օրենքի բացի մասին, ոչ թե ձգտել է շտկել սխալը իր լիազորությունների շրջանակում, այլ ձգտել է օգուտ քաղել՝ ընտանեկան բիզնես կազմակերպելով: Սա ևս ենթադրյալ ապօրինության մի ձև է, որը պետք է քննության առարկա դառնա»։


«Փաստ» թերթը գրում է. «Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ քպական Անդրանիկ Քոչարյանից ու իր «խմբակից» շատ մեծ դժգոհություն կա հենց ՔՊ-ի ներսում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա «հարցերը լուծելու» կողմնակից են եղել բավական շատ քպականներ:


Այն, որ վերջինիս նկատմամբ իր իսկ կուսակիցների մեծ մասի վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, վկայում էին նաև տարբեր քպականների «նուրբ ակնարկները» նրա հասցեին: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդհանրապես փաստացի Անդրանիկ Քոչարյանի «պորտը տեղը դրեց»՝ նախ իր «վերապահումներն» արտահայտելով հայտնի լսումների ժամանակ տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ, ինչպես նաև նշելով, թե «պետք չէր դատախազին վերևում նստացնել. տպավորություն էր, թե սովետական դատավարություն է»: Հիշեցնենք, որ լսումները նախագահում էր Անդրանիկ Քոչարյանը: Ավելին, Ալեն Սիմոնյանը շատ ուղիղ նշեց. «Իմ փորձառությունը՝ թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու գործում շատ ավելի մեծ է, և կարծում եմ, որ այդ իրավիճակում ավելի ճիշտ կվարվեի»:


Իսկ ընդհանրապես, մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում Անդրանիկ Քոչարյանը դարձել է չափազանց զգուշավոր, աշխատում է չհանդիպել և անգամ հեռախոսով չշփվել ուժային կառույցների «իր մարդկանց» և նույնիսկ քպականների մեծ մասի հետ: Ինչ վերաբերում է իր հայտնի «խմբակին» ու վերոնշյալ «իր մարդկանց», ապա բոլորին ակնարկվել է, որ հանգիստ մնան, մինչև «հասկանանք՝ ինչ է լինում»»։