Ադրբեջանին առաջարկներ ենք փոխանցել, որոնք կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում այսօր հայտարարեց, որ բանակցությունների կարևոր հատված է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ինչի առումով եւս քայլեր են արվել:
"Մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական մակարդակով ողջունվել են: Այստեղ եւս որոշակի դրական մթնոլորտ կա, եւ մենք առաջիկայում կշարունակենք ադրբեջանական կողմի հետ աշխատանքները: Մեր սկզբունքներն այս առումով այն են, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապաշրջափակվեն, պետք է մնան ա’յն երկրների ինքնիշխանության ներքո եւ գործեն ա’յն երկրների օրենսդրությանը համապատասխան, որոնց տարածքով անցնում են: Ամեն ինչ պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա",- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ սա արտացոլված է Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ողջունել են բազմաթիվ երկրներ: