Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին սկսվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Մինչ քննարկումները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է մի քանի կարգախոս-բանաձեւեր, որոնք առաջարկել էր 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո: Դրանք են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», «Հարստացիր եւ հարստացրու», ,Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ` ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»:
«Այս բոլոր բանաձեւերն ուզում եմ դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ եւ այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլեւ ՀՀ պետական բյուջե հասկացությանն ընդհանրապես»,- շեշտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական բյուջեի եկամուտների ձեւավորման սկզբունքներին եւ այդ համատեքստում խոսել հարկատեսակների առանձնահատկությունների ու դրանց փոխկապակցվածության մասին եւ հավելել. «Ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է»:
Վարչապետի գնահատմամբ ՀՀ պետական բյուջեն բացառապես աշխատանքի արդյունք է, այսինքն` չկա պետական բյուջեի ձեւավորման ուրիշ գործիք, քան Հայաստանում աշխատող քաղաքացիները կամ բնակիչները:
Եկամուտների գեներացման հարցում պետության ղեկավարը կարեւորել է պետական, ինչպես նաեւ մասնավոր հատվածում աշխատող մարդկանց աշխատանքի բովանդակությունն ու որակը:
«Յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը որոշակիորեն փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության համընդհանուր բարեկեցության հետ, քանի որ հնարավոր է լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության եւ աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք ու հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը` ունենալ մեկուսացված ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետեւանքով: Եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունն առաջնային թիրախ է եւ աչքի փուշ»,- կարծիք է հայտնել ՀՀ վարչապետը:
Երկրի ղեկավարի խոսքով պետական բյուջեն մեծ է այնքան, որքան նախ աշխատում, ապա արդյունավետ եւ թափանցիկ են աշխատում երկրի քաղաքացիները եւ բնակիչները: Այս համատեքստում անդրադարձ է եղել հարկերը հավաքագրելու պետական գործառույթին:
«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների համընդհանուր բարեկեցությունն ապահովելու գործիք է կամ ժողովրդի լեզվով ասած` հաց վաստակելու գործիք: Այսպես պետք է ընկալի պետությունն ինքն իրեն եւ այսպես պետք է ընկալեն քաղաքացիներն իրենց պետությունը, որովհետեւ եթե պետության պետական եւ ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանն ու մանրամասն խոսել պետության հզորացման գործիքակազմերի մասին:
«ՀՀ պետական բյուջեն իրական Հայասատանն է, այսինքն` այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե եւ դե ֆակտո միաժամանակ, եւ այդ գոյության դե յուրե եւ դե ֆակտո հատվածներն անքակտելի են, ու պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում»,- արձանագրել է երկրի ղեկավարն ու ընդգծել, որ Կառավարության ու Ազգային ժողովի եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների օրենքների եւ կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով ու գործունեությամբ հարստանալու հնարավորություններ ստեղծելը:
«Շատ կցանկանայի, որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներն ընթանան ոչ միայն թվերի ու տոկոսների, այլեւ վերը թվարկած հայեցակարգերի քաղաքական քննարկումների ներքո: Մենք բոլորս պետք է պատասխանենք մի կոնկրետ հարցի` իսկ ի՞նչ օրենքներ, որոշումներ պետք է ընդունենք եւ (կամ) չեղարկենք, ի՞նչ ընթացակարգեր պետք է սահմանենք եւ (կամ) չեղարկենք, որ Հայաստատնի Հանրապետությունում ավելի շատ մարդիկ օրինական աշխատանքով եւ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ունենան: Այս հարցերի ճիշտ պատասխանները նշանակում են, որ մենք կապահովենք մեր պետության, այսինքն` մեր ինքնության զարգացումները եւ հարատեւությունը»,- ելույթի ավարտին ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: