22.11.2024
Փաշինյանն ու Պեզեշկիանը հանդիպում են ունեցել Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:


Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է:


Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:


Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խոր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը: