23.11.2024
ՔՊ-ն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը
prev Նախորդ նորություն

Դաբաղ հիվանդության վերահսկում. ԱԺ-ն կվավերացնի կանոնադրությունը

Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հնագույն հանձնաժողովներից մեկն է, ստեղծվել է 1954 թվականին եւ համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանք է կատարել: Հանձնաժողովի նպատակն էր ստեղծել միջկառավարական մեխանիզմ` Եվրոպայում էնդեմիկ հիվանդությունը վերահսկելուն ուղղված գործողությունները համակարգելու համար: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցը:


Նախարարը նշել է, որ հանձնաժողովը նշանակալից դեր է ունեցել դաբաղ հիվանդության բռնկման եւ տարածման ռիսկերի նվազման ու բարձր պատրաստվածության ապահովման գործում: Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի եւ կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների:


Գեւորգ Պապոյանի խոսքով հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման եւ կանխարգելման գործում: Հիվանդության արձանագրման դեպքում հանձնաժողովն անդամակցող երկրներին տրամադրվում է աջակցություն` ախտորոշիչ եւ կանխարգելիչ նյութերի ձեռքբերման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման եւ իրականացման ուղղությամբ: Զեկուցողը նշել է, որ Հայաստանն անդամակցության համար կվճարի տարեկան 4081 ԱՄՆ դոլար: ՀՀ ներկայացուցիչը նշանակվում է հանձնաժողովի կոմիտեի անդամ կոնկրետ տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվություն տալու եւ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու հնարավորությամբ:


Նախարարի խոսքով նշանակալից է հանձնաժողովի դերը Հայաստանում տարեկան իրականացվող դաբաղի վերահսկողության ծրագրի մշակման գործընթացում: Հանձնաժողովին անդամակցում է 39 երկիր, իսկ տարածաշրջանում` Վրաստանը եւ Թուրքիան:


Գեւորգ Պապոյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին` նշելով, որ Հայաստանում կա կայուն անասնահամաճարակային իրավիճակ:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը: