Քաղաքապետարանը հորդորում է մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։ Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։
"Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։
Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։
Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։
Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում"։