Կառավարությունը պարզեցնում է արցախցիների տրանսպորտային միջոցների գրանցման ընթացակարգը
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 8-ին որոշում է ընդունել պարզեցնելու տրանսպորտային միջոցների գրանցման ընթացակարգը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար:
Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ բռնի տեղահանման արդյունքում Հայաստանում հայտնվել են մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմեքենաներ, որոնք ունեն փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ:
Նոր ընթացակարգը նախատեսում է այս տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման պարզեցված կարգ՝ հիմնված սոցիալական արդարության և այդ ավտոմեքենաները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա:
Կառավարությունը շեշտում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը:
Բացի այդ, սահմանված ժամկետում Հայաստանում այս տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման դեպքում շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք:
VERELQ-ը հիշեցնում է, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի դեմ: Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանությունները ընդունեցին Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կրակի դադարեցման առաջարկը: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահը հրամանագիր ստորագրեց, որով բոլոր պետական հաստատությունները լուծարվեցին, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ:
Արցախի բնակիչները զանգվածաբար հարկադրաբար լքեցին հանրապետության տարածքը և տեղափոխվեցին Հայաստան: Ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ներգաղթել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: