Գործադիրը հաստատել է մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ծրագիրը
Լուսանկարը` minurban.am
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Միաժամանակ հաստատվել են այս հաստատություններում շինարարական աշխատանքների համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները:
Հիմնավորման համաձայն, հանրապետության շուրջ 229 բնակավայրում դեռևս չի մատուցվում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն: Մի շարք գյուղական և սահմանամերձ բնակավայրերում նախադպրոցական հաստատությունները կա՛մ բացակայում են, կա՛մ էլ իրարից բավականին հեռու են, ինչն անհնարին է դարձնում երեխաների ներգրավումը նախադպրոցական կրթության համակարգում: Քաղաքային համայնքներում նախադպրոցական հաստատությունների սահմանափակ քանակը ստեղծում է ընդունելության հերթեր, որոնք նույնպես սահմանափակում են նախադպրոցական կրթության հասանելիությունը:
Երկրում կա նախադպրոցական տարիքի 236 հազար երեխա, որոնցից շուրջ 154 հազարը չեն հաճախում նախադպրոցական հաստատություններ, այդ թվում՝ գյուղական համայնքներում՝ շուրջ 62 հազար: Այս կապակցությամբ առաջիկա տարիներին առաջնահերթ է գյուղական համայնքներում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնումը, ներառյալ վաղ տարիքի զարգացման ծառայությունները:
Ծրագիրը նախատեսում է ոչ միայն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակի բարելավում, այլև ժամանակակից պայմանների ստեղծում՝ համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով: Գյուղական բնակավայրերի հաստատությունները կկարողանան ընդլայնել իրենց նշանակությունը՝ գործելով որպես համայնքային կենտրոններ, ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական և ժամանցային միջավայրը և ենթակառուցվածքները:
Բացի այդ, կառավարությունն ընդունել է որոշումներ գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կրթահամալիրներ կառուցելու նպատակով: Նաև որոշում է ընդունվել 2024 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխման մասին՝ մի շարք դպրոցների կառուցման և վերանորոգման համար: