10.11.2024
Լուսանկարը` minurban.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը բարելավում է պետական գույքի մասնավորեցման վերահսկողությունը

Լուսանկարը` armtimes.com
Լուսանկարը` armtimes.com

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում ընդունել է մի շարք կարևոր որոշումներ, որոնք ուղղված են պետական գույքի մասնավորեցման գործընթացի բարելավմանը և ներդրումային ծրագրերի աջակցությանը:


Ընդունված որոշման համաձայն, կհստակեցվի պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հսկման գործընթացը: Սա հնարավորություն կտա բարձրացնել պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքներով սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, ինչպես նաև կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացի վերջնական արդյունավետության բարձրացման համար:


Ավելի մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ առավել արդյունավետ հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով կառավարությանը կտրվի լիազորություն համապատասխան հիմնավորման դեպքում գույքի գրավը փոխարինել բանկային երաշխիքով:


Բացի այդ, կառավարությունը բավարարել է «Վի Ընդ Վի Տրանս» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:


Ընկերությունը նախատեսում է իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ ներմուծվող տրանսպորտային միջոցներով՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար իրականացնելով 174,9 մլն դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունում ստեղծվել է 11 աշխատատեղ 274 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, իսկ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 20-ի՝ 380 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:


Կառավարությունը նաև որոշում է ընդունել Արդվի և Մղարթ բնակավայրերում խմելու ջրի համակարգերի կառուցման, Վաղատուր բնակավայրի խմելու ջրի աղբյուրակապի հիմնանորոգման և 150 մ3 ծավալով ջրամբարի ու քլորակայանի կառուցման վերաբերյալ: Հնարավորինս սեղմ ժամկետում կվերակառուցվի «Արզնի 2 - Երևան» ջրատարի վթարային հատվածը:

Լուսանկարը՝ prosecutor.am
Հաջորդ նորություն next