ԲՐԻԿՍ-ին անդամակցելը Հայաստանի համար լրջագույն անվտանգային հնարավորություն է. Բալասանյան
Տաս տարվա հեռավորությունից կարող ենք փաստել, որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին մեծ օգուտներ է տվել մեր երկրին: Հայաստանի արտահանման ծավալները շեշտակի աճել են: Այս մասին ասուլիսում հայտարարեց ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ, դոցենտ Գրիգոր Բալասանյանը:
«Մեր նման փոքր երկրների համար նման խոշոր ինտեգրացիոն միավորումներին անդամակցելը միայն ու միայն հնարավորություն է, որից պետք է կարողանալ օգտվել, և ես վստահ եմ, որ հաջող քաղաքականության դեպքում այդ հնարավորությունները դրական ազդեցություն են թողնելու մեր տնտեսության վրա»,- ասաց նա:
Բալասանյանի խոսքով, այսօր նոր ինտեգրացիոն միավորման մասին են խոսում, որը կոչվում է Մեծ Եվրասիական համագործակցություն: Այն իրենից ներկայացնելու է բազմաշերտ ինտեգրացիոն միավոր, որին անդամակցելու են մի շարք արդեն գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորներ, որի մեջ իհարկե լինելու է նաև ԵԱՏՄ-ն: Ըստ Բալասանյանի, հիմա Հայաստանի համար նոր հնարավորություն է բացվում ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից, մոտ ապագայում ՀՀ ղեկավարը Կազանում մասնակցելու է այդ միավորման գագաթնաժողովին.
“Վստահ ենք, որ ԲՐԻԿՍ-ին ապագայում Հայաստանի անդամակցությունը միայն և միայն բխում է ՀՀ շահերից, մեր ժողովրդի շահերից: Որովհետև ցանկացած ինտեգրացիա իր հետ բերում է նոր հնարավորություններ, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը, այս տարի ԵԱՏՄ-ում նախագահությունը ցույց է տալիս, որ մեր փոքր երկիրը ոչ միայն հնարավորություն ունի ազդել այդ միությունում կայացվող որոշումների վրա, այլև օգտվել ընձեռնված հնարավորություններից՝ տնտեսական ակտիվություն ցույց տալու համար”,- ասաց բանախոսը:
Իսկ ԲՐԻԿՍ-ը, շարունակեց նա, նաև նշանակում է քաղաքական և անվտանգային նոր հնարավորություններ Հայաստանի համար, քանի որ ցանկացած տնտեսական ինտեգրացիա իր հետ բերում է նաև անվտանգային լրջագույն հնարավորություններ անդամ պետությունների համար և ՇՀԿ-ն դրա վառ օրինակն է:
“Վստահ ենք, որ ԲՐԻԿՍ-ի անդամակցության պարագայում և հետագայում նաև Մեծ Եվրասիական համագործակցության շրջանակներում Հայաստանի ավելի ակտիվ լինելը մեծապես ազդելու է նաև Հայաստանի անվտանգության վրա, որովհետև այն գերտերությունները, որոնք ներդրումներ են անում ԲՐԻԿՍ-ում և ապագա Մեծ Եվրասիական համագործակցության այս մեգածրագրի շրջանակներում, շահագրգռված են լինելու, որպեսզի մեծ տարածաշրջանում լինի խաղաղություն և այն խնդիրները, որոնք առկա են և կարող են ծագել, այդ խնդիրները լուծվեն շատ արագ: Սա Հայաստանի համար լրջագույն անվտանգային հնարավորություն է. ինքնության պահպանման խնդիրը հայ ժողովուրդը նաև կարող է լուծել ”,- հավելեց Գրիգոր Բալասանյանը: