24.11.2024
Ադրբեջանը արկակոծել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ նախկին վարչապետը խրհուրդ է տվել Ծառուկյաին՝ ինչպես «տորգ» վարել իշխանությունների հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականի ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը աճել է 1721-ով կամ 10 տոկոսով: Ընդհանուր առմամբ անցած տարի գրանցվել է 18 հազար 764 հանցագործություն: Անցած տարի Հայաստանում, ըստ ոստիկանության տվյալների, տեղի է ունեցել 66 սպանություն, որը 14-ով ավելի է, քան նախորդ տարի: Աճել են նաեւ դիտավորյալ առողջությանը վնաս հասցնելու դեպքերը, հրազեն ռազմամթերք պատրաստելը, խուլիգանությունը, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները: Աճել են նաեւ գողությունները, խարդախությունները, անձնական գույքի հափշտակությունները եւ այլն: Փոխարենը նվազել են բռնաբարությունները եւ դրանց փորձերը, երթեւեկության կանոնների խախտումները, մահվան ելքով ՃՏՊ-ները, տրանսպորտային միջոցների փախցնելը եւ այլն»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀՇ կուսակցության վարչության անդամ. ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ մեր թղթակցին հայտնել Է, որ լքել է ՀՀՇ-ն և առաջիկա ընտրություններին դժվար թե մասնակցի։ «Հասունացած որոշում էր»,– ասել է Արզումանյանը։ Նա երեկ մեզ հայտնել է, որ իր որոշումը դաշինքների հետ կապ չունի, որոշել է կուսակցական գործունեությամբ չզբաղվել»,–գրում է թերթը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուիքենդին»` շաբաթ օրը, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել` Վայոց Ձորի կողմերը: Դա «հին, բարի ավանդույթ» է, մանավանդ՝ ընտրական փուլում, երբ բոլորն զգուշանում են «լսվելուց»: Սակայն որսից նրանց դիմավորողներն արձանագրել են, որ երկուսն էլ անտրամադիր են եղել: Մեր տեղեկություններով` Հ․ Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով՝ առանց դաշինքի, որպեսզի հետագայում հնարավոր լինի «տորգի» գնալ իշխանությունների հետ, քանզի անհայտ է, թե դաշինքով գնալու դեպքում փոքր կուսակցությունների ներկայացուցիչներն ինչպես կպահեն իրենց, հնարավոր է անգամ դուրս գան եւ առանձին գործեն պառլամենտում: Ծառուկյանը, որոշ կանխատեսումներով, չի «համոզվել»: Իսկ Աբրահամյանը ձգտում է առավելագույն կանխատեսելի ու կառավարելի դարձնել այս ուժը, որը նրա վերջին հույսն ու ապավենն է»:

«Փաստ» օրաթերթը գրում է. Վարչապետի որոշմամբ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը հանվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմից: Բուհի խորհրդի նոր կազմի նախագահ է դարձել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ուշագրավ է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու մտերիմները՝ «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն նշանակված Սասուն Խաչատրյանը, ով Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան է, և Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, վերընտրվել են բուհի խորհրդի կազմում: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Փաստի» հարցին, թե ինչպես է գնահատում իր հեռացումը խորհրդի կազմից, ասաց. «Նորմալ, դե, մարզպետը պետք ա լինի խորհրդի կազմում, էդ ա»: Հետաքրքրվեցինք նաև, թե ինքը հիմա ՀՀԿ-ին աջակցում է և կապեր ունի տեղի ՀՀԿ կառույցի հետ: Սուրիկ Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Իհարկե աջակցում եմ, ՀՀԿ կառույցը պետք ա ինձ հետ կապ ունենա, ես ի՞նչ կապ ունենամ իրա հետ»:

Նշենք, որ հունվարի 3-ին Սուրիկ Խաչատրյանը հրաժարվեց Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից և կառույցի ղեկավար դարձավ ներկա մարզպետ Վահե Հակոբյանը: «ՀՀԿ-ի կառույցը կա, ես էլ հիմնադիրն եմ էդ կառույցի՝ 20 տարի ամբողջ մարզում, և էդ կառույցը գործել ա, գործում ա, ես էլ աջակցելու եմ էդ մարդկանց հետ միասին էս ընտրություններին»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Նոր տարուց առաջ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու չի առաջադրվելու:

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշմանը դեմ Զարուհի Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի «Ելք» դաշինքում: Մեզ հասած տեղեկություններով՝ նա նախօրեին հանդիպում է ունեցել «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նախնական համաձայնության են եկել: Այս պահին դաշինքում քննարկվում է ցուցակի հարցը, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել: Ինչ վերաբերում է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ապա նա միանում է Սեյրան Օհանյանին: Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա ընթացքում կտրուկ նվազել Է մանրածախ առևտրաշրջանառությունը՝ 2.6 տոկոսով։ Եվ ահա այս պայմաններում շարունակվում Է գնաճը, դեկտեմբերի համեմատ՝ այս տարվա հունվարին գները բարձրացել են 2.6 տոկոսով ընդ որում, ամենաշատը բարձրացել են պարենային ապրանքները՝ 7.4 տոկոսով իսկ սպառման ապրանքները՝4.2 տոկոսով։ Նշված ցուցանիշները լավագույնս բնութագրում են տնտեսության վիճակը։ Առևտրաշրջանառության ծավալների նվազումը վկայում Է քաղաքացիների կենսամակարդակի նվազման, դրա հետևանքով՝ գնողունակության անկման մասին, իսկ այդ պայմաններում, երբ չկա պահանջարկ, սովորաբար պետք Է տեղի ունենա Էժանացում։ Մինչդեռ Հայաստանում ընդհակառակը՝ գները միայն բարձրանում են։ Մի փաստ, որը լավագույնս վկայում Է մրցակցության բացակայության և մենաշնորհների առկայության մասին»,–գրում է թերթը։