11.10.2024
Հայաստանի` ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցությունը տնտեսական անհրաժեշտություն է. փորձագետ
prev Նախորդ նորություն

Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Հեղափոխական իշխանությունների արագ տեմպերով հարստանալու հանգամանքն արժանացել է Արեւմուտքի ուշադրությանը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին արեւմտյան հովանավորները հասկացրել են, որ ժամանակն է նաեւ թիմակիցների հարստացման օրինականության հարցը քննության առնել։ Մինչ իշխանությունների պատվերով ապօրինի գույքի վերաբերյալ տասնյակ գործեր են կարում նախկին եւ ընդդիմադիր գործիչների դեմ, պարզվում է՝ արեւմտյան կառույցները բավականին լուրջ ուսումնասիրություններ են կատարել նաեւ գործող պաշտոնյաների ունեցվածքի, դրամական միջոցների, արտերկրում գնվող նրանց տների եւ բանկերում դրվող գումարների վերաբերյալ ու դոսյեներ ունեն տարբեր պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների մասին, որոնց որոշ մասն անցած տարիներին պարբերաբար հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում, բայց ՀՀ իրավապահների քննության առարկան չեն դարձել։ Ուստի չի բացառվում, որ Փաշինյանը սկսի իր թիմից ոմանց զոհաբերել, որպեսզի ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախկին-ներկա չի ճանաչում։ Իսկ թիմակիցներին էլ բացատրի, որ սա Արեւմուտքի պահանջն է եղել։


«Հրապարակը» գրում է․ Մինչ տարածաշրջանում ակտիվ քննարկումներ են հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի հարցն է քննարկվում, Նիկոլ Փաշինյանն ակտիվ ներկուսակցական աշխատանքների է լծվել եւ պատրաստվում է հաջորդ ընտրություններին՝ 2026-ին վերարտադրվելուն։ ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել՝ մարզերի եւ մայրաքաղաքի տարածքային խորհուրդների կորիզ՝ պատգամավորներից, մարզպետներից, այլ կարկառուն ՔՊ-ականներից, որոնք ամիսը մեկ անգամ պարտադիր պետք է հավաքվեն եւ քննարկեն ինչպես լոկալ՝ տվյալ մարզում առկա կուսակցական խնդիրները, այնպես էլ՝ բնակիչներին հուզող հարցերը եւ համատեղ աշխատանքի արդյունքում փորձեն հասնել դրանց լուծմանը։ Այս ֆորմատը, ըստ ՔՊ-ականների, հնարավորություն կտա մերձեցման, ավելի սերտ համագործակցության։ Բանն այն է, որ մարզերում ներկուսակցական թշնամանքի մթնոլորտ է տիրում, իշխանականներից շատերն անգամ իրար չեն բարեւում, մինչդեռ այս ֆորմատի շրջանակներում ստիպված են լինելու ոչ միայն շփվել, այլեւ սերտորեն աշխատել միմյանց հետ։


«Հրապարակը» գրում է․ Հայաստանի անկախության օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան գալու հեռանկարը երեկվանից ավելի մշուշոտ դարձավ, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել են հոկտեմբերի 4-5-ին Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։ Անցած շաբաթ էլ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելեց Հայաստան, եղավ Եղեռնի հուշահամալիրում, ծաղկեպսակ խոնարհեց: Ապա Արարատ Միրզոյանի հետ այցելեց Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Սեժուրնեի՝ Հայաստան այցն ու Փաշինյանի հրավերը տպավորություն են ստեղծում, որ Մակրոնը չի գալու Հայաստան։


Հիշեցնենք, որ 2021 թ․ հունիսի 1-ին, այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Փարիզում հյուրընկալվելով Մակրոնին, հայտարարել էր, որ 21-ի աշնանը նրան «սպասում է Երեւանում»: Սակայն այցը չկայացավ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ սեպտեմբերի 21-ին է այցելելու, իշխանական քարոզչամեքենան փորձեց դա ներկայացնել որպես Մակրոնի աջակցություն ՀՀ իշխանություններին։ Անգամ Ֆրանսիայի հրապարակում բարեկարգման աշխատանքներ էին ընթանում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ձեւավորված Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը զբաղված է Մայր օրենքի հիմնական դրույթների փոփոխությամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են՝ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը: «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել փաստաթուղթը, ինչպես նաեւ հետաքրքրվել էինք՝ հայկական կողմը պատրաստվո՞ւմ է կատարել արդյոք Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, որը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմանն է համարում Իլհամ Ալիեւը:


ՀՀ ԱԳՆ-ից, մեր հարցին ի պատասխան, հայտնել են. «ՀՀ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը»: Այսինքն՝ մի կողմից արդարադատության նախարարի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս օրերին նիստեր է անում, քննարկում Մայր օրենքը փոփոխելու հարցը, մի կողմից էլ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են, որ դա Ադրբեջանի նախապայմանը չէ: Ինչ վերաբերվում է բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ ԱԳՆ-ից հերթական անգամ խուսափողական պատասխան են տվել. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում հանրայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով եւ ողջամիտ պահանջներով տրամադրվում է հանրությանը»:»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում գիշերօթիկի սան երեխային «մանկատան սան» ասել, նշանակում է՝ մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ. սա փոխելու ենք»։ Իրականում, այո, փոխեց պատկերը Փաշինյանի կառավարությունը:
Հայաստանում լուծարվեցին գիշերօթիկներ և մանկատներ, որպես այլընտրանք՝ սաներին առաջարկելով տներում ապրել. չկա գիշերօթիկ, հետևաբար չկա գիշերօթիկի սան, որ նրանց նկատմամբ էլ վատ վերաբերմունք լինի։ Գլխից եւ գլխացավանքից ազատվեցին. իսկ թե որտեղ են բնակվում նման ճակատագիր ունեցողները, ինչ պայմաններում, արդեն էական չէ կառավարության համար, գլխավորը վիճակագրությունն է:»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաեւ Դավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են դարձել արտոնյալ՝ ստանալով պետական ամենամեծ աջակցությունները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ բացի միջոցառումների համար պետական կառույցներին սնունդ մատուցելու ծառայությունից, Երեմյաններն իրենց ախորժակը մեծացրել են նաեւ Ամուլսարի, Թեղուտի եւ Սոթքի հանքերում սննդի ապահովման գործընթացի մասով։ Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ պայմանագրեր են կնքվել հանքերի աշխատակիցների սնունդը «Երեմյան Փրոջեքթսի» կողմից ապահովելու համար։
Տեղեկության երկրորդ կողմին լսելու համար «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանին՝ խնդրելով ասել, որ եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա որ հանքերում է ընկերությունը սննդի ծառայություններ մատուցում։


Խնդրել էինք պատասխանել նաեւ, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանքերում սննդի սպասարկման համար պայմանագրեր կնքվում են միայն «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ առանց մրցակցության. արդյոք դա պայմանավորված է իշխանության հետ որոշակի համաձայնություններով։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունը հղումներ է արել մի քանի օրենքների, որոնք չեն ենթադրում տեղեկատվության ազատության կամ գաղտնիության սահմանափակում։ Նույնիսկ կարծիք ենթադրող մեր 2-րդ հարցն անգամ պատասխանի չի արժանացել։


Հավելենք, որ «Երեմյան Փրոջեքթսն» ապրում է իր գոյության բաղձալի ժամանակները, երբ, օրինակ, բիզնեսների առաջխաղացման համար միջազգային ֆինանսավորումները պատահաբար կամ դիտմամբ հենց Երեմյաններին են բաժին ընկնում։ Շատ հեռու չգնանք՝ հետհեղափոխական Հայաստանում «Երեմյան Փրոջեքթսը» 2018 թվականին կրկին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից ֆինանսավորվեց 25 մլն դոլարով՝ Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիր կառուցելու համար։ Դե իսկ մարզահամերգային համալիրի դեմիրճյանական ճարտարապետությունն աղճատողը էլի Երեմյանն է, որը դրսից տեսանելի վերելակ է դրել համալիրի պատին եւ «Լիվինգսթոն» թանկարժեք հյուրանոցն է բացել: Մի արարք, որն անթույլատրելի կլիներ բոլոր ժամանակներում:»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի: Դե իսկ ուսումնական պրակտիկան էլ անցել է հենց նույն Ազգային ժողովում, որտեղ աշխատակազմի ղեկավար է:


Այս տեղեկությունները փորձեցինք նախ ճշտել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից: Սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում ուղարկեց, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Բայց հանրային շահն այստեղ առավել կարեւոր է. ուստի «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես միշտ, առաջնորդվում է հանրային շահով: Հարցաշար ուղարկեցինք նաեւ Ազգային ժողով՝ Դավիթ Առաքելյանից հետաքրքրվելով՝
«1. ի՞նչ առաջադիմությամբ եք սովորել ԳԱԱ-ում
2. ի՞նչ հաճախականությամբ եք մասնակցել դասապրոցեսներին
3. որքա՞ն եք բացակայել դասաժամերից եւ ի՞նչ հիմնավորմամբ են դրանք հարգելի համարվել
4. մագիստրոսական թեզի պաշտպանությունն ինչպե՞ս է անցել, ո՞վ կամ ովքե՞ր են ղեկավարել Ձեր թեզը
5. ո՞րտեղ եք անցել ուսումնական փորձառությունը (պրակտիկան) եւ ո՞ւմ ղեկավարմամբ
6. ուսումնական փորձառության (պրակտիկա) ի՞նչ արդյունք եք գրանցել»:


Այս հարցերին պատասխանել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը՝ հայտնելով, որ Դավիթ Առաքելյանն իր ուսումնական պրակտիկան անցկացրել է ԱԺ-ում, իսկ մյուս հարցերին խուսափել է պատասխանելուց՝ թերեւս ասելիքի բացակայության կամ իրականությունը թաքցնելու հիմքով: Նկատենք, որ Դավիթ Առաքելյանի պաշտոնի անձնագրով նա պարտավոր է ամեն օր ներկայանալ աշխատանքի, եւ անհասկանալի է, թե ինչպես է այդ դեպքում համատեղել իր կարեւոր աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ:


Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար եւ ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում: Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս երեւույթը համարեց «կրիմինալ խնդիր»: «Եթե մարդ դասի չի գնում եւ ավարտում է, օրինախախտում է», – նշեց նա: Մենք հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով պարզաբանել, թե այս որակի կրթությանը ի՞նչ գնահատական ունի պետական գերատեսչությունը: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:


Իսկ հիմա Դավիթ Առաքելյանի մասին՝ ով է նա, ինչ անցյալ ունի: Նախ նկատենք, որ նրա կենսագրությունը հրապարակված չէ ԱԺ կայքում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից ուղարկել են Առաքելյանի կենսագրությունը, որը, մեղմ ասած, աղքատիկ է. 32 ամյա Առաքելյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 2019 թվականից՝ 27 տարեկանից: Նա տարեսկզբից աշխատանքի է անցել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի գրասենյակում՝ որպես փորձագետ, թեեւ, ըստ դիպլոմի, գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի ստանդարտացման մասնագետ է, եւ անհասկանալի է, թե նախ, ինչպես է փորձագետ նշանակվել, եթե կյանքում որեւէ աշխատանքի փորձառություն չի ունեցել, ապա նաեւ, թե ինչով է զբաղվել Ալեն Սիմոնյանի գրասենյակում: Բայց Առաքելյանը նաեւ ունեցել է մասնագիտական առաջխաղացում եւ 2 տարի անց դարձել է ԱԺ նախագահի օգնական: Մոտավորապես 1.5 ամիս աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, երբ Ալեն Սիմոնյանը փոխարինում էր ՀՀ նախագահին, այնուհետեւ նախորդ տարվա փետրվարից մինչ օրս աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն է: Այսինքն՝ Դավիթ Առաքելյանը հեղափոխական իշխանության տիպիկ ներկայացուցիչ է. մինչ 2018 թվականը անգործ է եղել, բայց Ալեն Սիմոնյանի շտաբում ինքնադրսեւորվելուց հետո կյանքը գլխիվայր շուռ է եկել:»


 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Պարզվում է՝ այս տարի ագրարայինի մագիստրատուրա են ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավար, ռեկտորի վարորդը եւ այլն: Իհարկե, գովելի է, որ նրանք որոշել են իրենց կրթական մակարդակը բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ միայն ուսման ծարավը չի ստիպել: Մի կողմից, բուհի համար այնքան անհրաժեշտ ընդունելություն են ապահովում, մյուս կողմից՝ իրենց աշխատավարձին մի փոքր հավելում ապահովում։ Բնականաբար, բուհի աշխատակիցները գերազանց առաջադիմություն կցուցաբերեն եւ կարդարացնեն իրենց՝ ուսանողի բարձր կոչումը:


 


 


 

Շոյգուի հայտարարության հետքերով
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները