9.10.2024
Հայաստանյան իշխանության երկակի ստանդարտները
prev Նախորդ նորություն

Հայաստանի` ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցությունը տնտեսական անհրաժեշտություն է. փորձագետ

ԲՐԻԿՍ-ը, որի գագաթաժողովին Կազանում այս տարվա հոկտեմբերին մասնակցելու է նաև Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, դառնում է նոր ավելի բազմակենտրոն աշխարհակարգի մի մաս հանդիսանալով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր կենտրոններից մեկը: Դրա ձգողական ուժը գնալով մեծանում է` սրելով մրցակցությունը մյուս ուժային կենտրոնների հետ:


Տնտեսագետ, Tvyal.com վերլուծական կայքի հիմնադիր Աղասի Թավադյանը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը «շատ բնական» է համարում, քանի որ այդ կառույցում գտնվող կամ դրան հարող երկրների հետ է այժմ իրականացվում ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության ավելի քան 70%-ը: Այդ երկրներն են Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Չինաստանը: VERELQ-ի հետ զրույցում տնտեսագետ Թավադյանը խոսում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցության Հայաստանի տնտեսական շարժառիթների մասին:



Տնտեսագետ, Tvyal.com վերլուծական կայքի հիմնադիր Աղասի Թավադյան


Պարոն Թավադյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու իր համաձայնության մասին: Որքանո՞վ է այդ որոշումը տնտեսապես հիմնավորված:


Հայաստանը տնտեսապես շահ ունի ԲՐԻԿՍ-ում: Նշեմ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեծ մասը ԵԱՏՄ պետությունների հետ է, իսկ եթե դրան էլ գումարենք ԲՐԻԿՍ երկրներին, պատկերն ավելի ամբողջական կդառնա: Ներդրումների, զբոսաշրջիկների զգալի հատվածը գալիս է Հայաստան Ռուսաստանի Դաշնությունից: Այստեղ կա արդեն իսկ որոշակի տնտեսական փոխկապակցվածություն Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև: Նշեմ, որ 2024 թվականի սկզբին մեր հարևան Իրանը նույնպես դարձավ ԲՐԻԿՍ+ պետությունների միության անդամ, սա ևս հնարավորություն է Հայաստանի համար:


Բանն այն է, որ ԲՐԻԿՍ անդամ պետությունների և ԵԱՏՄ անդամ երկրների միջև կա մաքսատուրքերի իջեցում կամ ազատականացում, որը խթանում է միջպետական առևտուրը: Խոսքը հատկապես կենդանական ծագման ապրանքների մասին է, որոնք Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքերի արտահանել Իրան: Այս պահին աշխարհի ՀՆԱ-ի մոտ 37% պատկանում է ԲՐԻԿՍ+ պետություններին: Այժմ 34 պետություն ցանկություն է հայտնել անդամակցել ԲՐԻԿՍ+ ձևաչափին, որը ցույց է տալիս, թե այս պահին աշխարհատնտեսական վեկտորը որ ուղղությամբ է զարգանում:


Վերջերս Թուրքիան և Ադրբեջանը ցանկություն հայտնեցին անդամակցել ԲՐԻԿՍ+ պետությունների խմբին, որը հատկապես Թուրքիայի առումով անհանգստություն առաջացրեց կոլեկտիվ Արևմուտքի երկրների մոտ: Ընդհանուր առմամբ, սա ցույց է տալիս աշխարհաքաղաքական վեկտորի թեքման ուղղությունը: Եթե նայեք փաստերին, ապա մեր տարածաշրջանում ՌԴ-ն և Իրանը ԲՐԻԿՍ+ պետությունների խմբում են: Երկրորդ փաստն այն է, որ ՀՀ-ն անդամակցում է ԵԱՏՄ-ին, որի հիմնական շարժիչ ուժը Ռուսաստանն է, որն էլ իր հերթին ԲՐԻԿՍ-ի մաս է: Իսկ երրորդ փաստը ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի և Թուրքիայի անդամակցության հարցն է: Իսկ Վրաստանը ԲՐԻԿՍ անդամ երկու պետությունների` ՌԴ-ի և Չինաստանի հետ բավականին դինամիկ զարգացող առևտրատնտեսական կապեր է հաստատել:


Սա էլ է ցույց տալիս, թե աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական վեկտորը մեր տարածաշրջանում դեպի ուր է թեքվում: Սա զուտ արձանագրում է, առանց գույների խտացման կամ գնահատականների:


Հայաստանում շատ է խոսվում տնտեսության և արտաքին առևտրային կապերի դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին: ԲՐԻԿՍ-ն այդ առումով բացո՞ւմ է Հայաստանի համար հնարավորություն, թե՞ ոչ:


Այո, հնարավորություն է: Տեսեք, 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանի արտահանման գրեթե կեսը բաժին է ընկնում Արաբական Միացյալ Էմիրություններին: Առաջին հայացքից, շատ լավ է, Հայաստանը կարծես դիվերսիֆիկացրել է արտահանումը, մինչ այդ գերակշռում էր Ռուսաստանը: Սակայն, իրականում, սա պատրանք է, քանի որ գործ ունենք Ռուսաստանից եկած ոսկու դեպի ԱՄԷ վերաարտահանման հետ: Սա ժամանակավոր երևույթ է: Միանշանակ Հայաստանին պետք է տնտեսական դիվերսիֆիկացիա, քանի որ մեկ երկրից կախվածությունը տնտեսական զարգացման տեսանկյունից սխալ է: Այդ առումով ԲՐԻԿՍ+ ձևաչափը հնարավորություն է Հայաստանի համար: Դրա անդամ է Հայաստանի հարևան Իրանը, իսկ վերջին շրջանում մենք բավականին սերտ քաղաքատնտեսական կապեր ենք հաստատել Հնդկաստանի հետ, ինչպես նաև կապերն ամրանում և զարգանում են Չինաստանի հետ: Այդ ձևաչափին է միացել նաև Հայաստանի մյուս խոշոր տնտեսական գործընկերը` Արաբական Միացյալ Էմիրությունները:


Տեսեք, այժմ մի քանի մեգանախագծեր են զարգանում Եվրասիայում: Դրանք են ԵԱՏՄ-ն, ԲՐԻԿՍ-ը և Շանհայի Համագործակցության Կազմակերպությունը` ՇՀԿ-ն: Մշտապես խոսվում է այդ ձևաչափերի համադրման հնարավորությունների մասին: Դրանց համադրումն ի՞նչ տնտեսական արդյունքի կարող է հանգեցնել:


Որքան բաց լինեն սահմանները և ամրանան տնտեսական կապերը, դրանք այնքան ձեռնտու են: Ուստի որքան շատ Հայաստանը մասնակցի աշխարհատնտեսական միավորումներին, այդքան լավ Հայաստանի համար: Արդեն իսկ ԲՐԻԿՍ+ ձևաչափի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը կա և այն որոշակի կումուլյատիվ արդյունք է տալիս: ԵԱՏՄ պետությունները կարող են որոշ ապրանքատեսակներ հատկապես կենդանական ծագման, ցածր կամ զրոյական մաքսատուրքերով արտահանել ԲՐԻԿՍ+ պետություններ, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս ձևաչափերը Հայաստանի համար նաև հնարավորություն են մաս կազմել միջազգային լոգիստիկ նախագծերի ամրապնդելով երկրի լոգիստիկ հասանելիությունը և զարգացնելով ներքին ճանապարհային ցանցը, որպեսզի այն հարմարեցվի միջազգային բեռնափոխադրումների կարիքներին:


Լոգիստիկայի մասը հետաքրքիր է, կխնդրեմ մանրամասնել: Հայաստանում շատ է խոսվում եվրոպական ինտեգրման մասին, բայց տնտեսապես ու լոգիստիկ առումով երկիրն ավելի ձգտում է դեպի Գլոբալ հարավ` ցանկանալով մասնակցել Հնդկաստանը Եվրոպային ու ՌԴ-ին կապող նոր առևտրային միջանցքին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագծին և այլն:


Պետք է հստակ գնահատել մեր տնտեսական իրավիճակը: Որքան էլ մենք ձգտենք Եվրոպային արժեքային ու քաղաքական առումով, բայց շուկաներն այլ բան են թելադրում: Այս պահին եվրոպական շուկաները գերհագեցած են: Այնտեղ շատ դժվար է մտնել, բացի լոգիստիկայից ու շուկայում մրցակցությունից, կան ստանդարտիզացիայի խոչընդոտներ: Օրինակ, Վրաստանը Եվրամիության հետ կնքել է Ասոցացման համաձայնագիր, կարելի է ասել` մեկ մաքսային տարածքում է գործում, սակայն իր արտահանումը դեպի Եվրամիություն էականորեն չի աճել: Ինչպես առաջ էր արտահանում հանքաքար, խտանյութ ու մետաղներ, այժմ էլ նույն ապրանքներն է հիմնականում արտահանում դեպի Եվրոպա: Սակայն նույն համաձայնագիրը եվրոպական արտադրողներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքները ցածր կամ զրոյական մաքսատուրքերով արտահանել Վրաստան:


Սա ներքին կարողությունների զարգացման խնդիր է: Եթե երկիրը կարող է բարձր որակ ի և նորմալ գնով ապրանք արտադրել ու արտահանել, արդեն իսկ Ասոցացման համաձայնագրի առկայությունն էական չէ: Այս պայմաններում եվրոպական շուկայի հետևից գնալն անիրատեսական է: Ուստի Հայաստանն ու Հայաստանի նման երկրները պետք է փնտրեն այլ, ոչ այդքան հագեցած ու մուտքի տեսանկյունից ավելի դյուրին շուկաներ: Հենց այդ ուղղությամբ է հիմա շարժվում նաև աշխարհատնտեսական վեկտորը:


 


 

Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next