Ժամանակ կունենա՞նք սթափ գնահատելու իրավիճակը, թե՞ արդեն ուշ է գործելու համար
Լուսանկարը՝ 168.am-ի
Սրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց անտարբերությունը մեր՝ գաղափարախոսություն ու քննադատաբար մտածելու կարողություն ունեցող փոքրամասնության նկատմամբ։ Սրանք չեն համարում իրենց մեզ հաշվետու. սրանց իրական նպատակը մեծամասնության հետ «մերձենալն» է, այն մեծամասնության, որն իրենից ներկայացնում է պոտենցիալ ընտրազանգված, ընդհանուր առմամբ զուրկ է ազգային ինքնությունից և, ըստ էության, դեմ չէ վերածվել բիոզանգվածի։
Սրանք բարձրացնում և ֆետիշացնում են երկրի պատրանքային ձեռքբերումները, որոնք ստեղծված են այս «որակյալ» մեծամասնությանը հաճոյանալու համար՝ ստեղծելով վիրտուալ աշխարհ՝ փառաբանված տնտեսական աճի տեմպերով և փայլուն ապագայի խոստումներով։ Մինչդեռ մենք՝ քննադատաբար մտածող փոքրամասնությունը, տեսնում ենք իրական պատկերը. տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվի։
Սրանք իրենց հետաքրքրող մեծամասնության համար ստեղծում են արհեստական ներքին օրակարգեր, որոնք շեղում և լցնում են նրանց գիտակցությունը էապես մանր հարցերով։ Այս հմուտ մանիպուլյացիան ուղղված է նրանց ապրելակերպի պահպանմանն ու իշխանությանը սատարող ընտրական ապարատի անվերջ վերարտադրության բաղձանքին։
Բայց, այնուամենայնիվ, խնդիրը ո՛չ սրանց, ո՛չ էլ մեծամասնության մեջ է, խնդիրը մեր՝ փոքրամասնության մեջ է:
Փոքրամասնությունը պառակտված է, անզոր, խեղդված իր ունայն վեճերի ու հակասությունների մեջ։ Մենք չենք կարողանում հանդուրժել միմյանց, և միավորվելու փոխարեն մեր ժամանակն ու էներգիան ծախսում ենք՝ քննադատելով թե՛ իշխողներին, և թե՛ անտարբեր մեծամասնությանը, որին մենք հաճախ անվանում ենք «ժողովուրդ»։
Ակնհայտորեն, նման մեծամասնության գոյության մեղքը մեզ վրա է, քանի որ չենք կարողացել և չենք կարողանում նրանցից վաստակել առաջնորդության իրավունք ու վստահություն։
Հարցը բաց է մնում՝ մենք ժամանակ կունենա՞նք գիտակցելու մեր սխալները և սթափ գնահատելու իրավիճակը՝ փոխելու համար, թե՞ արդեն ուշ է գործելու համար։
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան