VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում եւ վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկություններ կան, որ որոշ ուժեր, գործիչներ նոր ընդդիմություն ձեւավորելու ակտիվ վերադասավորումներ են նախաձեռնել: Քաղաքական կոնսուլտացիաներ են իրականացնում, այսպես կոչված, կենտրոնամետ ուժ ձեւավորելու ուղղությամբ, որը, իրենց հաշվարկով, առաջիկա ընտրություններին՝ լինեն հերթական, թե արտահերթ, մեծ շանսեր կունենա հաղթելու, քանի որ չի ասոցացվի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Այս ուժն իր առջեւ նախ խնդիր է դնելու՝ պատռել Հայաստանի պսեւդոարեւմտամետների դիմակը՝ հանրությանը ցույց տալով, որ դրանք Նիկոլ Փաշինյանի սպասարկուներն են եւ Հայաստանի թշնամիները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կոնսուլտացիաներին մասնակցում են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀԱԿ-ը, «Ապրելու երկիրը», Սուրեն Սուրենյանցը եւ նմանատիպ մի քանի ուժեր: Մեզ պատմեցին, որ անգամ Էդմոն Մարուքյանին են դիտարկել այս ալյանսում, բայց քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ նրա ներկայությունը կարող է վնասել՝ նոր միավորը կապելով Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Բայց քանի որ դեռեւս որեւէ հստակ ֆորմատ չկա, ինչպեսեւ սպասելի էր, քաղաքական գործիչները միահամուռ հերքեցին կոնսուլտացիաների մասին տեղեկությունը։ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց, որ նման ֆորմատ չկա, Դավիթ Անանյանն էլ, թե՝ տեղյակ չէ։ Էդմոն Մարուքյանն էլ հայտնեց, որ ՀԱԿ-ի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում է․ «Երկուսս էլ ԱԼԴԵ-ի անդամ ենք` այդ ֆորմատով, իսկ մյուսների հետ չեմ հանդիպել»։
«Հրապարակը» գրում է․ Աննա Հակոբյանը սիրում է պաշտոնյա կանանց հետ երեւալ: Վերջերս Գլխավոր դատախազի ու ՄԻՊ-ի հետ ինչ-որ ճաշկերույթի էին, ինչը հատկապես` անկախ համարվող ՄԻՊ-ի դեպքում բուռն քննարկումների տեղիք տվեց: Երեկ Անահիտ Մանասյանը փորձել է բացատրել․ «Սոցիալական եւ պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում եւ բոլոր պաշտոնատար անձինք շատ հաճախ․․․ հավաքվում են եւ միասին մասնակցում»։ Ապա հորդորել է դիմել դատախազին` կա՞ «շահերի բախում»: Բայց երբ չես կատարում առաքելությունդ` որպես մարդու իրավունքների պաշտպան, հայտնվում ես գլամուր իշխանական փարթիներին, ակնհայտ է, որ օրենք ես խախտում եւ կարիք չկա դիմելու որեւէ մեկին՝ ինչ-որ բան ճշտելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքական խարդավանքները միշտ ուղեկցել են տարբեր ժամանակների իշխանական թիմի ներկայացուցիչներին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ խարդավանքները հատկապե՛ս ընդգծված են: Արմեն Փամբուխչյանի անունն այդ համատեքստում հաճախ է շրջանառվում: Քաղաքական կուլիսներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ առ այն, որ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր է նյութում թիմի ներսում, որ ամեն գնով Երեւանի քաղաքապետ դառնա: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին հասկանալու համար՝ ճիշտ են այն տեղեկությունները, որ նա դավեր է նյութում թիմի ներսում, որպեսզի դառնա քաղաքապետ:
Հարցին ի պատասխան՝ Փամբուխչյանն ասաց. «Իմ ամբողջ կյանքի թե՛ աշխատանքային, թե՛ քաղաքական գործունեության ընթացքում, մասնավոր թե պետական, որեւէ մեկի դեմ դավեր չեմ նյութել, առավել եւս՝ թիմակիցների, մասնավորապես՝ ընկերների նկատմամբ։ Դա իմ խառնվածքը եւ գործելաոճը չէ»: Փամբուխչյանը, իհարկե, ջերմորեն շրջանցեց կոնկրետ հարցադրումը, սակայն ՔՊ թիմի գործելաոճն այլ բան է փաստում։ Ակնհայտորեն սերտաճելով տեղական գործարարների կամ, այսպես ասած, «նախկինների» հետ, Արմեն Փամբուխչյանն իր բարեկեցության հարցերն է կարգավորում եւ թոշակառու հոր համար 102 միլիոն դրամի սուբսիդիա ապահովում՝ էլի «նախկինների» հովանավորյալ գործարարների երաշխավորությամբ»:
«Հրապարակը» գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքական աշունը կսկսի շրջագայություններով։ Նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով սեպտեմբերի 17-19-ը կմեկնի Բուդապեշտ (Հունգարիա), ապա սեպտեմբերի 25-30-ը՝ Օտտավա (Կանադա)։ 2 այցերի ընթացքում էլ մեծաթիվ պատվիրակության կազմում բացառապես իշխանական պատգամավորներ են եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ։ ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին հարցրինք՝ ինչպե՞ս են ձեւավորել պատվիրակությունները, ինչո՞ւ ընդդիմադիրներ չկան։ Ասաց, որ հայ-հունգարական խմբում ընդգրկված չէ որեւէ ընդդիմադիր պատգամավոր, իսկ հայ-կանադական բարեկամական խմբում թեպետ կան, սակայն ԱԺ նախագահը որոշել է ՔՊ-ականների հետ մեկնել․ «Այդ որոշումը կայացվել է՝ ելնելով այդ պատգամավորների ակտիվությունից, տվյալ խմբում ծավալած գործունեությունից, հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենք ջանքերից»։
Կանադայի պատվիրակության կազմում են Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Սա առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցի է մեկնում առանց ընդդիմադիրների, կարելի է կարծել, թե ԱԺ-ն միայն ՔՊ-ից է կազմված: Կան տեղեկություններ, որ նա ունի նախընտրելի ընդդիմադիր գործընկերներ, որոնց երբեմն տանում է գործուղումների, բայց երբեմն նրանք էլ են հրաժարվում մասնակցել, քանզի մի կողմից` դա ճիշտ չէ «մերժված» ընդդիմադիրների նկատմամբ, մյուս կողմից` հանրությունն այդ ուղեւորություններին լավ չի վերաբերվում: Ժամանակին ՀՀԿ-ի հետ բազմիցս գործուղումների մեկնած Նիկոլ Փաշինյանն ավելի վատ ավանդույթներ է ձեւավորել երկրում, քան տիրում էին նախկինների ժամանակ: Պետական բյուջեի հաշվին սրան-նրան լավություն անելը կամ ոմանց պատժելն այլեւս դարձել է իշխանական գործելակերպ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանում ընդդիմադիր պատգամավորները զրկված են միջազգային հարթակներում եւ պատվիրակությունների կազմում ընդգրկված լինելու եւ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն կմեկնի Կանադա՝ Օտտավա։ Պատվիրակության կազմում Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ընդգրկել է բացառապես իշխանության ներկայացուցիչներին, իրենից բացի՝ ընտրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որը հայտնի է իր խուլիգանական վարքագծով, եւ մամուլն այդ մասին բազմիցս գրել է:
Պատվիրակության կազմում են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, որը հայտնի է իր քաղաքացիական կնոջ հանդեպ բռնություն գործադրելու ամոթալի պատմությամբ, Արման Եղոյանը, որը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ եւ բազմաթիվ սկանդալների ու կռիվների մեջ է հայտնվել մինչ այս, եւ, վերջապես, Հասմիկ Հակոբյանը, ով Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերուհին, որի բարեկամներն ու ծանոթները ԱԺ-ում են աշխատում կոռուպցիոն միջամտության արդյունքում: Եվ ահա, նրանք գնում են օրինակելի, ժողովրդավարական երկիր Կանադա՝ ներկայացնելու ՀՀ Ազգային ժողովը: Մինչդեռ ԱԺ-ն հավաքական մարմին է, որտեղ կան նաեւ 2 ընդդիմադիր խմբակցություններ: Եվ հատկապես խորհրդարանական կառավարման երկրներում, ԱԺ-ի գործունեության շրջանակներում ընդդիմության ներկայացվածությունը պարտադիր է:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանին՝ պարզելու՝ ինչու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միանձնյա որոշմամբ կազմված Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդդիմությունը չունի ներկայացվածություն: «ԱԺ նախագահը նպատակահարմար է համարել պատվիրակության կազմում ընդգրկել այն պատգամավորներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստան-Կանադա բարեկամական խմբում եւ նպաստել են երկու երկրների բարեկամական կապերի զարգացմանը»,- պատասխանեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը: Այսինքն՝ ԱԺ նախագահն է գնահատում, թե ով է Կանադայի բարեկամը, մինչդեռ Հայաստան-Կանադա բարեկամական 21 հոգանոց խմբի ղեկավարը Իշխան Սաղաթելյանն է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից, ով չի ներգրավվել պատվիրակության կազմում»:
«Հրապարակը» գրում է․ Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ: Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ Նորամուծություններից է նաեւ այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլեւս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին եւ եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղեւորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում՝ գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2025 թ.-ից ՔՊ-ն «Տրանսպորտային բարեփոխում» փաթեթավորմամբ պատրաստվում է բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Չնայած, որ հանրային մեծ աղմուկից հետո նախագիծը փոփոխությունների ենթարկվեց ու մի քանի անգամ հետաձգվեց, բայց հունվարի 1-ից տրանսպորտի նոր սակագներն արդեն ուժի մեջ են մտնելու, եւ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտով երթեւեկելու համար ավելի թանկ վճարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք նիստի օրակարգ է բերել մի նոր նախագիծ, որով առաջարկվում է տրանսպորտի ուղեվարձի հետեւյալ սակագները.
1 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 400 դրամով,
7 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 7 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 2.000 դրամով,
30 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 30 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 5.500 դրամով,
180 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 1 տարվա ընթացքում 180 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 20.000 դրամով,
365 օրվա համար ֆիզիկական քարտ-տոմս կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ֆիզիկական քարտ-տոմսի կամ օնլայն հավելվածով էլեկտրոնային տոմսի ակտիվացման պահից 365 օր բոլոր տրանսպորտային միջոցներից անսահմանափակ ուղեւորություն կատարելու հնարավորություն՝ 35.000 դրամով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա 16 հեծանվավազք Սեւանի շուրջբոլորը եւ նույնքան անգամ կհնչեցներ՝ կեցցե՛ հեծանիվը։
«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ը պետք է կազմակերպել 2024 թ. սեպտեմբերի 17-20-ը. նախատեսվում է առնվազն 800 մասնակից՝ աշխարհի մոտ 50 երկրից, եւ առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։ Գագաթնաժողովին նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ եւ առնվազն 25 քննարկում տարբեր ձեւաչափերով: Նախատեսվում է նաեւ կազմակերպել 3 ցուցահանդես (էքսպո), ինչպես նաեւ փակման եւ բացման տպավորիչ արարողություններ»: Նկատենք, որ, ըստ ծրագրի, նախատեսված է 180 բանախոս՝ շուրջ 20 երկրներից:
Սրան զուգահեռ Հայաստանում նախապատրաստվում են անցկացնել ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը։ Այս համաժողովի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 151 մլն դրամ՝ գրեթե 380 հազար դոլար։ Համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 11-13-ը։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի եւ ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվելու է «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն. հենց այս ՍՊԸ-ի հետ է կնքվել պայմանագիրը»։
«Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի ակտիվությունը պետգնումներում նկատելի է դեռ 2023 թվականից։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։ «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն պետական գնումներին սկսել է մասնակցել 2023 թվականից եւ արդեն խոշոր չափի 7 պայմանագիր ունի՝ կնքված Երեւանի քաղաքապետարանի, վարչապետի աշխատակազմի եւ էկոնոմիկայի նախարարության հետ։ Նշված պայմանագրերի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է գրեթե 520 միլիոն դրամ՝ շուրջ 1 միլիոն 340 հազար դոլար։ Ահա, թե ինչպիսի ծախսեր է նախատեսել իշխանությունը սեպտեմբեր ամսին, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն տալու անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրին»: