Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն նոր նստավայր կբացվի
Լուսանկարը` www.tourex.am
Գործադիրը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունել է «Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում:
2023 թ. հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ:
Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր:
Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը:
Ըստ հիմնավորման՝ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում: