25.11.2024
լուսանկարը` yerevan.am
prev Նախորդ նորություն

Ագրարային ուղղվածությամբ սովորողները կստանան 70-77 հազար դրամ կրթաթոշակ

Հայաստանի կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում հավանության է արժանացել որոշման նախագիծը՝ լրացումներ կատարելու «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից: Նոր որոշման համաձայն, առաջնահերթ մասնագիտությունների ցանկում կներառվեն ագրարային ուղղվածության ծրագրերը:


Առաջարկվում է ցանկում ներառել պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք մասնագիտություններ, ինչպիսիք են անասնաբուժությունը, ագրոնոմիան, անտառային տնտեսությունը, անասնաբուծությունը, պարենամթերքի տեխնոլոգիան, ագրարային ճարտարագիտությունը և ճշգրիտ գյուղատնտեսությունը:


Այս մասնագիտություններով սովորող ուսանողները կստանան 70-77 հազար դրամի չափով կրթաթոշակ: Որոշումը կտարածվի 2024/2025 ուսումնական տարում ագրարային մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա:


Նախարարը նաև նշել է, որ նախորդ տարի բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրերի համար նմանատիպ որոշման ընդունումից հետո նկատվել է ընդունվողների թվի զգալի աճ: Ակնկալվում է, որ նոր որոշումը կվերաբերի ագրարային մասնագիտությունների շուրջ 220 ուսանողի:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս որոշման ընդունման կարևորությունը գյուղատնտեսության ոլորտում թափուր աշխատատեղերի համալրման, տարածքային համաչափ զարգացման, ագրարային կրթության որակի բարձրացման և ուսումնական ծրագրերի մրցունակության առումով:


Նախարար Անդրեասյանը նաև տեղեկացրել է դպրոցների 7-րդ և 8-րդ դասարաններում մասնագիտական կողմնորոշման պարտադիր խմբակների ներդրման և Ագրարային համալսարանի հետ համատեղ մշակված «Ագրոտեխնոլոգիա» հատուկ դասընթացի մասին: