Հայաստանի կառավարությունը խթանում է ուղևորատար տրանսպորտի թարմացումը
լուսանկարը` yerevan.am
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում՝ խթանելու կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում օգտագործվող տրանսպորտային միջոցների թարմացումը: Որոշման համաձայն, անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին հնարավորություն կտրվի երրորդ երկրներից ներկրել նոր տրանսպորտային միջոցներ՝ առանց մաքսատուրք վճարելու:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բացատրել է, որ այս միջոցառումն ուղղված է ժամանակակից էկոլոգիական ստանդարտներին և անվտանգության պահանջներին համապատասխանող միկրոավտոբուսների պարկի թարմացմանը: Սա թույլ կտա բարձրացնել ուղևորափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունների որակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս որոշման կարևորությունը՝ նշելով, որ այն թելադրված է իրական կյանքի պահանջներից:
«Շատ գյուղերում և համայնքներում անընդհատ բարձրացվում է հանրային տրանսպորտի բացակայության խնդիրը: Հույս ունենք, որ այս որոշումն իսկապես կկարողանա մեծացնել հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, քանի որ մաքսատուրքերը փոքր չեն, և դրանց առկայությունը կամ բացակայությունը կարող է էական ազդեցություն ունենալ ներդրումային ծրագրի շահութաբերության վրա», - հայտարարել է Փաշինյանը:
Ակնկալվում է, որ այս միջոցառումը կօգնի հաղթահարել մարզային և միջմարզային երթուղիների սպասարկման մրցույթների անցկացման հետ կապված խնդիրները, ինչպես նաև կնվազեցնի այս ոլորտում մենաշնորհացման ռիսկերը: